Մատչելի հղումներ

Moderna-ի պատվաստանյութի մասին լուրերը «բավականին հուսադրող» են. ԱՀԿ


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ կորոնավիրուսի մարտահրավերը ոչ թե ընտրությունն է կյանքի և ապրուստի միջոցների միջև, այլ որ երկուսն էլ նույն պայքարի մի մասն են:

Կորոնավիրուսին դիմակայելու գործում հանգստանալու ժամանակ չկա՝ չնայած հնարավոր պատվաստանյութերի մասին դրական լուրերին:

«Տնտեսություններ բացելու ամենաարագ ճանապարհը վիրուսը հաղթահարելն է», -ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

Հիշեցնենք, Moderna-ն նոյեմբերի 16-ին հայտնել էր, որ իր փորձնական պատվաստանյութը 94,5% արդյունավետ է վերջին փուլում անցկացված փորձարկումների միջանկյալ տվյալների հիման վրա: Այն ԱՄՆ-ի երկրորդ դեղագործական ընկերությունն է, որը հայտնում է արդյունքների մասին: Նախորդ շաբաթ Pfizer ընկերությունը հայտարարել էր, որ իր պատվաստանյութը նույնպես ավելի քան 90%-ով արդյունավետ է:

ԱՀԿ նախագահը հայտնել է, որ G20-ի առաջնորդները կհանդիպեն այս հանգստյան օրերին` նրանց հնարավորություն տալով ֆինանսապես և քաղաքականորեն հավատարիմ մնալ COVAX գլոբալ հաստատությանը, որը ստեղծվել է COVID-19 պատվաստանյութերն ավելի աղքատ երկրներին տրամադրելու համար:

Մի քանի ընկերություններ իրենց պատվաստանյութերի թեկնածուների մասով հեռանկարային արդյունքներ են հրապարակել, բայց ԱՀԿ նախագահը նախազգուշացրել է, որ մարդիկ չպետք է բավարարվեն դրանով:

«Այս պահին մեզ ծայրաստիճան անհանգստացնում է COVID-19 դեպքերի աճը, որը մենք տեսնում ենք որոշ երկրներում», -ասաց Թեդրոսը՝ ավելացնելով. «Մասնավորապես Եվրոպայում և Ամերիկայում առողջապահական ոլորտի աշխատողները և առողջապահական համակարգերը բեկումնային կետի են հասել»:

Ըստ Reuters-ի տվյալների ՝ ավելի քան 54,44 միլիոն մարդ աշխարհում վարակվել է կորոնավիրուսով, 1,318,042 մարդ մահացել է:

Անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանում առաջին դեպքերի հայտնաբերման պահից ի վեր վարակը գրանցվել է ավելի քան 210 երկրներում:

ԱՀԿ պատվաստումների ղեկավար Քեյթ Օ'Բրայանն ասել է, որ կազմակերպությունը ուսումնասիրում է պատվաստանյութերի առաքման դյուրինությունը և պահանջվող չափաբաժինների քանակը:

ԱՀԿ գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանն ասել է, որ Moderna պատվաստանյութի մասին լուրերը «բավականին հուսադրող» են, և ինքն ակնկալում է, որ COVID-19 պատվաստանյութի սահմանափակ չափաբաժիններ հասանելի կլինեն 2021 թվականի առաջին կեսին:

ԱՀԿ ղեկավարը կարանտինից վերադարձել է նոյեմբերի 16-ին:

XS
SM
MD
LG