Ամերիկյան պատմություն է կերտվում. «Ես չեմ լինի այս կաբինետի վերջին կինը: Ես կարող եմ լինել այս աշխատասենյակի առաջին կինը, բայց վերջինը չեմ լինի». 56-ամյա Հարիսը շնորհակալություն է հայտնում ընտրված նախագահ Ջո Բայդենին և ընտրողներին:
Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատման դեպքում նա դառնալու է առաջին սևամորթ և հնդկաամերիկացի կինը, որը կաշխատի որպես ԱՄՆ փոխնախագահ:
«Մենք Գերագույն դատարանում կանայք ենք ունեցել: Մենք ունենք Նենսի Փելոսիին, որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, բայց ոչ մի անգամ գործադիր իշխանությունում կին փոխնախագահ չենք ունեցել, բայց ոչ միայն դա, այլ նաև ներգաղթյալ ծնողների զավակ»,-ասում է Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Բարբարա Փերին:
Հնդիկ մոր և ջամայկացի հայրիկի դուստրը՝ Հարիսը, մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում: Այնտեղ այժմ նրա որմնանկարն է:
Վաշինգտոնում հիմնականում սևամորթների՝ Հովարդի համալսարանի շրջանավարտ, Հարիսը դարձավ Սան Ֆրանցիսկոյի առաջին սևամորթ կին դատախազը 2004 թ.-ին, ապա Կալիֆորնիայի գլխավոր դատախազը 2010 թվականին:
Այս ամռանը «Սևերի կյանքերն արժեք ունեն» բողոքի ցույցերի ընթացքում որոշ առաջադիմականներ բողոքեցին, որ Հարիսը շատ ավելի կոշտ դատախազ է եղել, քան թույլատրելի էր, իրար հակասող դիրքորոշումներ է ունեցել մահապատժի վերաբերյալ և չի կարողացել ոստիկանությանը պատասխանատվության ենթարկել սխալ վարքի համար:
Հարիսը առաջին անգամ պատմություն կերտեց Կալիֆոռնիայում, երբ ընտրվեց ԱՄՆ սենատոր:
Տեխասի համալսարանի վերլուծաբան Շանոն Օբրեյնի խոսքով՝ «Կարևոր է, որ մարդիկ իշխանության մեջ տեսնեն մարդկանց, որոնք իրենց նման են»:
Հարիսը, որը հաճախ է խոսում մորաքրոջ և խորթ մայրիկի դերի մասին, ամուսնացած է փաստաբան Դուգ Էմհոֆի հետ, ով այժմ կլինի երկրորդ ջենթլմենը, որը բոլորովին նոր պաշտոն է Սպիտակ տան պատմության մեջ:
Վերլուծաբանները ասում են, որ Հարիսը կարող է նաև օգտագործել իր պատմության մեջ առաջինը լինելու հանգամանքը:
Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Բարբարա Փերիի խոսքով՝ նա կարող է լինել Միացյալ Նահանգները ներկայացնող կին պաշտոնյա: Իսկ մինչ այդ նրա հաղթանակը նշվում է Հնդկաստանի իր նախնիների գյուղում: