Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում հաղթողի անունը հայտարարելու համար կպահանջվի մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ ժամանակ


ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո ամերիկացիները շարունակում են սպասել դրա արդյունքին: Բոլորի ուշադրությունն այժմ այսպես կոչված ‘’ճակատամարտային’’ նահանգների վրա է, որոնց արդյունքը կտա վերջնական պատասխան, թե ով է լինելու երկրի հաջորդ նախագահը:

Այդ նահանգներից է Փենսիլվանիան, որտեղ այս պահին նկատվում է լարվածություն: ‘’Հույս ունենաք, որ այն կավարտվի խաղաղ’’, ասում են մարդիկ:

Կարեւոր նշանակություն ունեցող մի շարք նահանգներում այս պահին էլ շարունակվում է քվեների հաշվարկը: Այն բանից հետո, երբ Միչիգանում եւ Վիսկոնսինում հաղթող ճանաչվեց Ջո Բայդընը, իսկ այս նահանգներն անցյալ անգամ քվեարկել էին հօգուտ Թրամփի, Բայդընը հայտարարեց, թե ինքը վստահ է, որ ինքն է դառնալու երկրի հաջորդ նախագահը:

Բայդընը հույսեր է կապում նաեւ ավանդաբար հանրապետական կողմնորոշում ունեցող Ջորջիա նահանգի հետ, որտեղ այսօր, այո, կա նկատելի համակրանք նախկին փոխնախագահի նկատմամբ:

Թրամփի քարոզարշավի թիմն այժմ նախապատրաստվում է դատական հայցեր ներկայացնել, պահանջելով դադարեցնել Միչիգանում ու Փենսիլվանիայում քվեների հաշվարկը: Նրանք պնդում են, որ չեն ունեցել անհրաժեշտ միջոցներ այստեղ հաշվարկման գործընթացը ստուգելու համար:

‘’Մենք գնալու ենք մինչեւ Գերագույն դատարան, եւ ուզում ենք, որ քվեարկության ընթացքը դադարեցվի’’, ասել է Թրամփը: Թրամփը պահանջում է նաեւ վերահաշվարկ անցկացնել Վիսկոնսինում, որտեղ ձայների տարբերությունը եղել է չնչին:

Թրամփի հարյուրավոր աջակիցներ բողոքի ցույցեր էին անցկացնում Արիզոնայի Ֆինիքս քաղաքում այդ նույն պահանջով: Այս նահանգի ու մի շարք այլ նահանգներում գրանցված արդյունքը կարող են ուղարկվել դատարան:

Իսկ սա նշանակում է, որ ընտրություններում հաղթողի անունը պաշտոնապես հայտարարելու համար կպահանջվի եւս մի քանի օր, կամ նույնիսկ` մի քանի շաբաթ:

XS
SM
MD
LG