ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հիասթափություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի չպահպանման փաստի կապակցությամբ: Միչիգան մեկնելու ճանապարհին նախագահը պատասխանել է ԼՂ-ում զինադադարի խախտման մասին լրագրողի հարցին: Նա հույս է հատնել, որ ամեն ինչ ի վերջո կկարգավորվի՝ ընդգծելով, որ հակամարտությունը տևում է արդեն երկար տարիներ:
Չնայած դրան, սակայն, Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցմանը հասնելու ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ իր ունեցած հեռախոսազրույցների մասին: Պետքարտուղարը հայտնել է, որ ճնշում է գործադրել երկրների առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հավատարիմ մնան ռազմական գործողությունները դադարեցնելու և ԼՂ հակամարտության դիվանագիտորեն կարգավորելու իրենց ստանձնած պարտավորություններին: ՛՛Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ կյանքի՛՛,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղարի՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախծարար Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումնները հանգեցրեցին նրան, որ կողմերը համաձայնվեցին պահպանել հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հայտարարված մարդասիրական հրադադարը: Դրանից հետո, սակայն, ռազմական գործողությունները շարունակվեցին, որի հետևանքով հայկական կողմը հայտնեց տարածքային կորուստների մասին:
՛՛Շատ ցավալի է, որ կրակի դադարեցման իրար հաջորդող երեք այս փորձերը ձախողվեցին: Դա, անկեղծ ասած, լավ չի խոսում հատկապես այն կողմի մասին, որը, ինչպես կարծում եմ, բոլորս գիտենք, որ հետապնդում է ռազմական գործողությունների, այլ ոչ թե դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու նպատակ՛՛,- ասում է ՀՀ-ում ԱՄՆ-ը նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Հրադադարի հաստատման պայմաններից է վերադարձն առարկայական բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Դրա մասին է հիշեցնում նաև ԱՄՆ պետքարտուղարության հոկտեմբերի 27- ի տարածած հայտարարությունը պետքարտուղարի հեռախոսազրուցների մասին: Մինսկի խմբի բանակցային ձևաչափն աջակցում են նաև մյուս երկու համանախագահողները՝ Ֆրանսիան և ՌԴ-ը: Երևանը ևս շարունակում է Մինսկի խումբը դիտարկել խաղաղ բանակցային գործընթացի միակ հարթակ:
՛՛ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը՛՛,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցում:
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Ալիևն իր վերապահումներն ունի Մինսկի խմբի ձևաչափի հարցում: Նրա կարծիքով համանախագահների գործունեությունը ուղղված էր հակամարտության սառեցմանը, այլ ոչ կարգավորմանը:
՛՛Համանախագահների ինստիտուտի ձևավորումից հետո Մինսկի խումբը ոչ մի արդյունք չտվեց, քանի որ համանախագահները մենաշնորհեցին դրա գործունեությունը՛՛,- ասել է Ալիևը հոկտեմբերի 26-ին Rai 1 TV-ին տված հարցազրույցում:
Ալիևի այս մոտեցումը խրախուսում է Թուրքիան, որը բազմիցս իր դժգուհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ՝ այն հաճախ ներկայացնելով որպես սպառված կամ անարդյունավետ ձևաչափ:
«Որպեսզի Մինսկի խմբի համանախագահների ջանքերն արդյունք տան, անհրաժեշտ են նպատակաուղղված բանակցություններ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային օրենքների համաձայն, որոնք ուղղված են կայուն խաղաղությանը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Համի Աքսոյը:
Վերլուծաբաների կարծիքով, սակայն, խնդրի կարգավորման և խաղաղության բացակայությունը կապված է հակամարտության կողմերի, այլ ոչ թե մնիջազգային միջնորդների հետ:
՛՛Միջնորդների մեղքը չէ, որ խաղաղություն չի հաստատվել: Դա կապված է հենց երկու կողմերի դիրքրոշումների հետ, որոնց մոտ փոխզիջման գնալու պատրաստակամությունն իսպառ բացակայում էր՛՛,- ասել է Էվանսը:
՛՛ԵԱՀԿ Մինսկի Խումբը չի կարող պարտադրել կրակի դադարեցում կողմերին: Իրական հրադադար հաստատելու ու խաղաղ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է, որ կողմերը համաձայնվեն պայմանների շուրջ և հասնեն դրան՛՛,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթը:
Հոկտեմբերի 29-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում: Ջոն Հերբսթի կարծիքով այս հանդիպումը դժվար թե հանգեցնի իրական ու կայուն հրադադարի:
Facebook Forum