Մատչելի հղումներ

Վերլուծաբանները շատ լավատես չեն վաշինգտոնյան հանդիպումների առիթով


Վաղը Վաշինգտոնում կկայանան ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներն ԱՄՆ պետքարտուղարի հետ: Վերլուծաբանները քննարկում են հնարավոր արդյունքը

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնը պատրաստվում է վաղը հյուրընկալել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ առանձին հանդիպումների ընթացքում քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն նախատեսում է առավոտյան հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո կկայանա Պոմպեյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

՛՛Ուրախ եմ արձանագրելու, որ Թրամփի վարչակազմը ի վերջո բարձր մակարդակի վրա որոշել է ներգրավվել գործընթացում՛՛,- ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին ընդգծել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ իր առանձին հանդիպումների հիմքում է ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի պահպանման հարցը: ԱՄՆ շարունակում է պնդել կրակի դադարեցման անհրաժեշտությունը: Նախորդ երկու հրադադարի հաստատման փորձերը ՌԴ ու Ֆրանսիայի միջնորդությամբ ձախողվեցին ժամեր անց: Ռազմական գործողությունները շարունակվում են:

Վերլուծաբան Փոլ Սթրոնսքին չունի մեծ ակնկալիքներ գալիք հանդիպումներից: Իրավիճակը ռազմաճակատում շարունակվում է մնալ լարված, ընդգծում է նա: Արտգործնախարարների առանձին հանդիպումների փաստը ևս հուսադրող չէ:

՛՛ԱՄՆ ու Թրամփի վարչակազմն ավելի լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Միգուցե նրանք փորձեն երկխոսել թուրքերի հետ, քանի որ Թուրքիան հանդես է գալիս որպես այս հակամարտության կողմ: Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփի վարչակազմը կարող է դա անել, թե ոչ՛՛,- նշում է Սթրոնսկին:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը գտնում է, որ օր առաջ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, սակայն նա ևս մեծ մասամբ հոռետես է վաշինգտոնյան հանդիպումների հարցում: Դժվար է երկխոսել հակամարտող կողմերի հետ, երբ ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ, շեշտում է նախկին դեսպանը:

՛՛Դիվանագիտությունը աշխատում է այն ժամանակ, երբ դադարում են ռազմական գործողությունները՛՛,- ընդգծում է Կազլյարիչը:

Նրա կարծիքով կրակի դադարեցման, ինչպես նաև մշտական զինադադարի հաստատման ու խնդրի կարգավորման բանալիները գտնվում են Երևանում ու Բաքվում: Կողմերն իրենք պետք է որոշումներ կայացնեն այս կապակցությամբ: Խոշոր տերությունները կարող են միասնաբար ճնշում գործադրել կողմերի վրա՝ կրակը դադարեցնելու համար, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ անհատական նախաձեռնությունները ըստ նրա սովորաբար ձախողվում են:

Վաշինգտոնյան հանդիպումներից առաջ երկու կողմերի ղեկավարները համաձայնություն էին հայտնել հանդիպելու Մոսկվայում: Կողմների միջև դիրքրոշումները, սակայն, շարունակում են մնալ հակասող: Եթե հայկական կողմը պնդում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթության մասին, Ադրբեջանը պատրաստ է միայն ԼՂ հայերին տրամադրել մշակությային ինքնավարություն: Երկու կողմերի ղեկավարներն ընդունելի են համարել խաղաղապահ ուժերի ու դիտորդների տեղակայումը հակամարտության գոտում: Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, որ դեմ չէ խաղաղապահների ու դիտորդների տեղակայմանը, սակայն Բաքուն այս առիթով ունի իր պայմանները: Իր հերթին ՀՀ վարչապետ Փաշինյանը որպես փոխզիջումային տարբերակ չի բացառել ռուս խաղաղապահների ներկայությունը հակամարտության գոտում։

Facebook Forum

XS
SM
MD
LG