Մատչելի հղումներ

Պոմպեոն նույն օրը առանձին կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ


Շաբաթվա վերջին նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նախատեսում են այցելել Միացյալ Նահանգներ: Դրա մասին հաղորդում է POLITICO պարբերականը: Ուրբաթ օրը նախատեսվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը հակամարտող կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ:

Ըստ պարբերականի, ուրբաթ առավոտյան Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկման հիմնական առարկան է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:

Պարբերականը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանա եռակողմ հանդիպում կողմերի միջև, սակայն ըստ հրապարակման հեղինակի, նույն օրը հանդիպում նշանակելու փաստը ազդարարում է, որ Վաշինգտոնը փորձում է ակտիվացնել իր ջանքերը՝ ԼՂ հակամարտության շուրջ կրակի դադարեցման հարցում:

Հակամարտությունը շարունակում է խլել բազմաթիվ մարդկանց կյանքեր, ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ ազգաբնակչության շրջանում: Կողմերը հաղորդում են քաղաքների ու բնակավայրերի հրթիռակոծումների մասին:

Ըստ POLITICO- ի՝ այս այցերը Թրամփի վարչակազմի համար լավ հնարավորություն են ընդգծել իր գլոբալ դերակատարությունը համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների նախօրեին:

Պետքարտուղարությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն դատելով նախատեսված հանդիպումների մասին հաղորդագրություններից՝ Վաշինգտոնն ակտիվացնում է իր քայլերն այս ուղղությամբ՝ նախագահական ընտրություններից առաջ փորձելով հասնել կրակի դադարեցմանն ու խնդրի կարգավորմանը:

POLITICO- ի հարցերին առանձին պատասխանել են ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանները: Ադրբեջանի դեպսան Էլին Սուլեյմանովն ասել է, որ ադրբեջանական կողմը ցանկանում է վարել առարկայական զրույց, իսկ Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը նշել է, որ հայկական կողմը չի տեսնում կարգավորման որևէ տարբերակ բացի փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորումից:

Այսօր հայտնի դարձավ, որ ռուսական Տասս լրատվական գործակալությանն առանձին հարցազրույցներ են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի ընթացքում երկու առաջնորդները հայտարարել են, որ համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպում ունենալու համար:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում՝ հայկական կողմին մեղադրելով բանակցային գործընթացի տապալման և ձեռք բերված համաձայնություններից հետ կանգնելու մեջ:

Իր հերթին վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, և որ նա պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել՝ այդ արդյունքին հասնելու համար։ Նա վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առանցքային է եղել և կմնա Երևանի համար, և եթե Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների, ապա հայկական կողմը պատրաստ է շարունակելու պայքարը մինչև վերջ, նշել է ՀՀ վարչապետը:

Երկու կողմերն էլ հակամարտության գոտում ռուս խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայման հարցը դիտարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների միջև քննարկման առարկա:

Facebook Forum

XS
SM
MD
LG