Մատչելի հղումներ

Իրանն այսուհետ կարող է առանց արգելքների զբաղվել զենքի առքուվաճառքով. ԱՄՆ-ին դա դուր չի գալիս


Ռազմական տեխնիկայի առքուվաճառքի Իրանին ուղղված ՄԱԿ-ի տասնամյակ տևած արգելքի ժամկետը լրանում է այսօր, թեև ԱՄՆ-ը դեմ է:

Չնայած Իրանի պնդումներին այն մասին, որ ինքը չի նախատեսում "լայնածավալ գնումներ կատարել", այնուամենայնիվ այն այժմ կարող է զինտեխնիկա գնել և վաճառել իր իսկ արտադրության զենքերը: Այդուհանդերձ Իրանի տնտեսությունը մնում է տկար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով և շատ երկրներ կարող են խուսափել Թեհրանի հետ զինամթերքի առք ու վաճառքից, որպեսզի չզրկվեն ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունից:

Իսլամական Հանրապետությունը միջազգային համայնքի համար "նշանակալի օր է" հռչակել զենքի էմբարգոի ավարտը: Միևնույն ժամանակ Թրամփի վարչակազմը պնդում է, որ ինքը կրկին վկայակոչել է Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները` 2018-ին միջուկային գործարքից հրաժարվելով: Այս հանգամանքն ամբողջ աշխարհը կարծես անտեսում է:

«Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության այսօրվա կարգավորումը հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակողմանիության, խաղաղության ու անվտանգության համար», - Twitter- ում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

ՄԱԿ-ը 2010-ին Իրանին արգելել է գնել արտաքին խոշոր սպառազինության համակարգեր միջուկային ծրագրի շուրջ առկա լարվածության ֆոնին: Ավելի վաղ էմբարգոն ուղղված էր իրանական զենքի արտահանմանը:

ԱՄՆ-ի Պաշտպանության հետախուզական գործակալությունը 2019-ին կանխատեսել էր, որ եթե էմբարգոն ավարտվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, կփորձի գնել ռուսական Su-30 կործանիչներ, Yak-130 ուսումնական ինքնաթիռներ և T-90 տանկեր: Թեհրանը կարող է նաև փորձել գնել Ռուսաստանի S-400 հակահրթիռային համակարգը և դրա Բաստիան առափնյա պաշտպանական հրթիռային համակարգը: Չինաստանը նույնպես կարող է Իրանին զենք վաճառել:

Իրանից երկար ժամանակ առաջ են անցել ԱՄՆ-ի կողմից աջակցվող Պարսից ծոցի երկրները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք գնել են միլիարդավոր դոլարների ամերիկյան առաջադեմ զենքեր: Ի պատասխան՝ Թեհրանը դիմել է տեղական բալիստիկ հրթիռների մշակմանը:

ՄԱԿ-ի սպառազինությունների էմբարգոն, այնուամենայնիվ, չի խանգարել Իրանին Եմենի հութի ապստամբներին զենք ուղարկել: Մինչ Թեհրանը հերքում է հութիներին զինելը, արևմտյան կառավարությունները և զենքի մասնագետները իրանական զենքը բազմիցս կապել են ապստամբների հետ:


Արաբական վեց երկրներ, որոնք սատարում էին զենքի արգելքների երկարացմանը, նշել են, որ Իրանը զենք է տրամադրում Եմենին: Նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշել են նաև, որ Իրանը հունվարին սխալմամբ կործանել է ուկրաինական մարդատար ինքնաթիռը, իսկ զորավարժությունների ընթացքում հրթիռային հարվածի արդյունքում պատահաբար սպանել է 19 նավաստի: ՄԱԿ-ը նաև Իրանին կապել է 2019-ին Սաուդյան Արաբիայի նավթի վերամշակման գործարանի վրա հարձակման հետ, չնայած Թեհրանը հերքում է կապերը, իսկ Եմենի ապստամբ Հութիները ստանձնել են պատասխանատվությունը:

Այսօր ավարտվեցին նաև ՄԱԿ-ի՝ Իրանի հեղափոխական գվարդիայի մի քանի անդամների ճանապարհորդության արգելքները:

Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը էլ ավելի սրվեց տարվա սկզբին, երբ Բաղդադում ամերիկյան անօդաչու սարքը սպանեց իրանցի բարձրաստիճան գեներալի: Թեհրանը պատասխանեց Իրաքում ԱՄՆ ուժերի վրա բալիստիկ հրթիռի հարձակումով, որը տասնյակ վիրավորներ թողեց:

Վերջին ամիսներին երկու կողմերի սադրանքները նվազել են, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը զբաղված է ընտրապայքարով նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ: Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Իրանին առաջարկել «վստահելի ճանապարհ դեպի դիվանագիտություն», եթե Թեհրանը վերադառնա գործարքի «խիստ պահպանմանը»:

XS
SM
MD
LG