Մատչելի հղումներ

Թեկնածուները զարկ են տալիս նախընտրական արշավին


Կովիդով հիվանդանալուց ու ապաքինվելուց ի վեր, ԱՄՆ-ի նախագահը զարկ է տալիս նախընտրական իր արշավին: ‘’Ես ուրախ եմ լինելու իմ հայրենի Ֆլորիդայում, որտեղից վերսկսում եմ իմ արշավը’’, ասել է Դոնալդ Թրամփն, ու ավելացրել, որ ինքն ապաքինվելուց հետո ավելի լավ է իրեն զգում: ‘’Ես կարող եմ այստեղ համբուրել բոլորիդ’’, ասել է նա, դիմելով իր աջակիցներին:

Իսկ քանի դեռ գիտությունը դեռեւս չի տվել կովիդ հիվանդությամբ վարակվելուց հետո իմունային համակարգի փոփոխությունների մասին վերջնական պատասխան, շատերն են Թրամփի նման հայտարարությունները համարում ոչ ճիշտ: Նրա մրցակից Ջո Բայդընն էլ Օհայոյում հայտարարում է. ‘’Որքան երկար է Թրամփը մնում իշխանության ղեկին, այնքան ավելի անշրջահայաց է նա դառնում’’:

Ինչպես Ստենֆորդի համալսարանից քաղաքական գիտութունների դոկտոր Բրուս Քեյնն է ասում, կովիդ հիվանդության մասին Թրամփի կողմից հնչող նմանատիպ հայտարարությունները լավ չեն ընկալվում հիմնականում ավելի տարեց մարդկանց կողմից: ‘’Իսկ Ֆլորիդան հայտնի է հենց տարեց մարդկանց մեծ թվով, որոնք նոյեմբերին մասնակցելու են նախագահական ընտրություններին’’:

Չնայած 2016 թվականի ընտրությունների ժամանակ Թրամփն այս նահանգում տարավ հաղթանակ, վերջին հարցումները ցույց են տալիս, որ Բայդընն այստեղ ունի փոքր առավելություն:

Ընտրություններում մեծ է լինելու նաեւ լատինամերիկյան ծագումով ընտրողների դերը, որոնք կազմում են այս երկրում ամենախոշոր ազգային փոքրամասնությունը: Եթե շատ նահանգներում Բայդընին աջակից լատինամերիկացիների թիվը երկու անգամ գերազանցում է Թրամփին աջակցող լատինամերիկացիների թվին, ապա Ֆլորիդայի դեպքում այդպես չէ: Այստեղ նրանց մեծամասնությունը կուբացի-ամերիկացիներն են, որոնք հիմնականում ավելի շատ համակրում են Թրամփին:
Իսկ ինչպես միշտ է ասվում, վերջնական խոսքը սակայն պատկանում է նոյեմբերի 3-ին:

XS
SM
MD
LG