ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Էմի Քոունի Բարեթի նշանակման շուրջ Սենատում անցկացվող լսումների ընթացքում Բարեթը հրաժարվում է պատասխանել սենատորներին հուզող մի շարք հարցերի, եւ հայտարարում, թե ինքը թույլ չի տա, որ իր անձնական ու կրոնական տեսակետները դեր խաղան դատարանում որոշումներ կայացնելու հարցում:
Խոսքը հատկապես արհեստական վիժեցումներին, զենքերի ազատ վաճառքին եւ առողջապահության համակարգին վերաբերող խնդիրների մասին է: Նա նաեւ փորձում է շրջանցել այն հարցը, թե արդյոք ինքը պատրաստ է հայտնել ինքնաբացարկ, եթե նախագահական եկող ընտրություններից հետո հնարավոր իրավական վիճարկումների հարցը դրվի Գերագույն դատարանի սեղանին:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը բազմիցս է ասել, թե փոստային եղանակով քվեարկության արդյունքում կարող են տեղի ունենալ կեղծիքներ, եւ որ իրենք այդ դեպքում կդիմեն Գերագույն դատարան:
Բարեթն ասել է, որ Թրամփի հետ որեւէ անգամ չի զրուցել այն մասին, թե ինքը ինչ դիրք պիտի բռնի ընտրական հարցերում վիճաբանությունների դեպքում:
48 -ամյա Բարեթը ԱՄՆ-ի հանրապետականների համար համարվում է այս պաշտոնում ամենալավ թեկնածուն: Այս պաշտոնում նրա հաստատվելու դեպքում Գերագույն դատարանը կունենա 6-ը 3-ի հարաբերակցությամբ հանրապետական մեծամասնություն, ինչը կարող է ձգվել մի քանի տասնամյակ, քանի որ այս դատարանի դատավորները նշանակվում են ցմահ: