Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 11 ժամ տևած բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերը համաձայնության են եկել մարդասիրական նպատակով հրադադար հայտարարելու շուրջ՝ հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից։ Զոհերի մարմինների և գերիներին փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի չափորոշիչներով և միջնորդությամբ։
Ս․Լավրովի խոսքերով՝ համաձայնությունը ձեռք է բերվել՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին, նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությամբ:
1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:
2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։
3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ են լինում հիմնարար բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:
4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։
Facebook Forum