Առաջնային խնդիր պիտի լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սրվող հակամարտության ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանելու գործը: Այս մասին է հայտարարում Amnesty International մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունը` տարածաշրջանում կասեթային ռումբեր կիրառելու մասին տեղեկություններ ստանալուց հետո:
Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման փորձագետներին հաջողվել է տեղանշել նկարներում պատկերված Ստեփանակերտի բնակելի հատվածները: Նրանք հայտնաբերել են իսրայելյան արտադրության M095 DPICM կասեթային զինամթերք, որոնք, ըստ կազմակերպության տվյալների, արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից:
«Կասթերային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, ուստի քաղաքացիական բնակավայրերի վրա դրանց կիրառումը հատկապես վտանգավոր է, և կարող է հանգեցնել մարդկային նոր զոհերի ու վիրավորների», - ասում է Amnesty International- ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:
«Կասեթային ռումբերն իրենց բնույթով տարբերակում չդնող զենքեր են, և բնակելի տարածքներում դրանց տեղակայումը միանգամայն սարսափելի և անընդունելի է: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձինք պետք է պաշտպանվեն, ոչ թե դիտավորյալ կերպով թիրախավորվեն», ասել է նա:
Amnesty International-ը կոչ է անում բոլոր կողմերին լիովին հարգել մարդասիրական միջազգային իրավունքները եւ պաշտպանել քաղաքացիներին թշնամական գործողություններից:
Կասեթային ռումբը խառը կրակ արձակող ու տարբերակում չդնող զինատեսակ է, որը կիրառվելուց հետո տարիներով շարունակում է տառապանքներ հարուցել խաղաղ բնակչությանը: Կասեթային ռումբերն արգելված են միջազգային մի պայմանագրով, որի տակ իրենց ստորագրությունն են դրել աշխարհի ավելի քան 100 երկրներ: Amnesty International-ը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին միանալ Կասեթային զինատեսակների մասին պայմանագրին:
Կասեթային զինատեսակները լայնածավալ տարածքներում արձակում են հարյուրավոր փոքր ռումբեր, որոնցից միջին հաշվով 5-ից 20 տոկոսը չեն պայթում: Դրանք երբեմն հայտնվում են տեսադաշտից դուրս` վերածվելով այնպիսի վտանգի, ինչպիսին հանդիսանում են ականները: