Մատչելի հղումներ

Հայաստանը հայտարարում է, որ ‘’կդիմի անհրաժեշտ բոլոր միջոցներին’’


Հայաստանը հայտարարում է, որ ‘’կդիմի անհրաժեշտ բոլոր միջոցներին’’ հայերին ադրբեջանցիներից պաշտպանելու համար: Այս մասին է իր ընթերցողներին տեղեկացնում ‘’Ռոյթըրս’’ լրատվական գործակալությունը` պատմելով յոթերորդ օրը շարունակվող հայ-ադրբեջանական մարտերի եւ դրանք դադարեցնելու շուրջ միջազգային ձախողված ջանքերի մասին:

Նույն գործակալությունը հիշեցնում է Ադրբեջանի այն հայտարարությունները, որոնց համաձայն տասնամյակների պատմություն ունեցող հակամարտության այսպիսի շարունակության համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա: Հակամարտություն, որն, ըստ ‘’Ռոյթըրս’’-ի, կարող է իր մեջ ներքաշել տարածաշրջանային այնպիսի պետությունների, ինչպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան:

‘’Իսկ Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցներից հետո, որով նա ներկայացնում էր միջնորդության նոր առաջարկ, երկու կողմերից հռետորաբանությունն ավելի է խստացել’’, գրում է լրատվական գործակալությունը:

Մամլո գործակալությունն իր ընթերցողներին նաեւ տեղեկացնում է, որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ չեն մասնակցել Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին: ‘’Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին հղված հեռուստատեսային իր ուղերձում շաբաթ օրն այս հակամարտությունն անվանել է ազգային պայքար ու այն համեմատել 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայի դեմ իր երկրի կողմից մղված պատերազմի հետ:

‘’Սա նոր Սարդարապատ է, եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի իրեն նվիրելու մեկ նպատակի, որի անունն է Հաղթանակ’’, ասել է Փաշինյանը:

‘’Ռոյթըրս’’-ն այնուհետեւ հիշեցնում է Հայաստանի արտգործանախարարության այն հայտարարությունը, ըստ որի, Հայաստանը, լինելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, դիմելու է ‘’անհրաժեշտ բոլոր միջոցներին ու միջամտելու է, կանխելու համար ադրբեջանական ուժերի ու նրա դաշնակից Թուրքիայի հետ իրականացվող ‘’զանգվածային բռնությունները’’:

Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հերքել թուրքական ուժերի մասնակցության մասին փաստերը, ինչպես նաեւ Հայաստանի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի այն պնդումները, որոնց համաձայն, ադրբեջանական կողմից կռվում են նաեւ Սիրիայից բերված ապստամբներ:

Ըստ ‘’Ռոյթըրս’’-ի, Ադրբեջանը պատասխանում է, հայտարարելով, թե Սիրիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հունաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից էլ տեղի հայեր են տեղակայվում, գործելու համար, ինչպես ադրբեջանցիներն են ասում, ‘’որպես օտարերկրյա ահաբեկիչներ’’:

Իր ընթերցողներին ‘’Ռոյթըրս’’-ը հիշեցնում է, որ 1990-ականներից ի վեր սկսվել են հայ-ադրբեջանական ամենախոշորամասշտաբ բախումները, ինչն առաջ է բերել Հարավային Կովկասի կայունության շուրջ միջազգային խորը մտահոգություն: Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ հենց այստեղով են դեպի համաշխարհային շուկաներ անցնում ադրբեջանական նավթն ու գազը տեղափոխող խողովակաշարերը:

XS
SM
MD
LG