Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը Սենատի 11 այլ անդամների հետ լուրջ մտահոգություն է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժի կիրառման վերաբերյալ: Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում սենատորները կոչ են արել անմիջապես դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին և հորդորել Պոմպեոյին անհապաղ ուղիղ երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հետ՝ անհապաղ հրադադարի ռեժիմի հաստատման և բանակցությունների վերսկսման համար:
«Հաշվի առնելով այն հնարավորությունը, որ այս հակամարտությունը կարող էընդգրկել ողջ տարածաշրջանը և ներգրավել այլ արտաքին դերակատարների, անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր դիվանագիտական լծակները անհապաղ հրադադար հաստատելու համար», - գրել են սենատորները: «Մենք բարձր ենք գնահատում Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի, պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բեգենի և Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերի ներգրավվածությունը, բայց հանգամանքները պահանջում են ավելի բարձր մակարդակի ԱՄՆ-ի ներգրավվածություն հակամարտության հետագա սրումից խուսափելու համար »:
Սենատորները նաև ընդգծել են, որ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին իր սահմաններից դուրս թուրքական ագրեսիայի աճի վառ դրսևորումներից է, և կոչ արել նախագահ Թրամփին համոզել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չներգրավվել հակամարտությունում:
«Լիբիայից մինչև Սիրիա և Արևելյան Միջերկրածով Թուրքիան ցուցադրել է իր մտադրությունները. այն չի ձգտում լինել կառուցողական խաղացող աշխարհում», - հավելել են սենատորները: «Նախագահ Թրամփը բազմիցս խոսել է իր սերտ անձնական հարաբերությունների մասին նախագահ Էրդողանի հետ: Չնայած մենք գտնում ենք, որ նախագահ Էրդողանի հանդեպ նրա հավատը մոլորության արդյունք է, այս հակամարտությունը հնարավորություն է տալիս Թուրքիայի հարցում հասնել այնպիսի արդյունքի , որն իրականում բխում է Միացյալ Նահանգների շահերից »:
Հոկտեմնբերի 1-ին ԱՄՆ հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը, Ռոբ Պորտմանը և Ռոն Ջոնսոնը հայտարարություն են տարածել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ, որտեղ ասված է.
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ծավալումը ծայրաստիճան մտահոգիչ է: Ցավոք, անցած հինգ օրվա ընթացքում երկու կողմերն էլ ունեցան անիմաստ զոհեր: Հակամարտության մեջ ներգրավված բոլոր տարածաշրջանային տերությունները պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ և իրավիճակը սրող գործողությունները ու իրենց ջանքերն ուղղեն՝ կողմերին բանակցային սեղանին նստեցնելու համար: Վտանգը, որ այս ուժի կիրառումը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի, Հայաստանի, Ադրբեջանի և ավելի լայն կովկասյան տարածաշրջանի բնակչության համար, չափազանց մեծ է:
Սենատորները նաև հավելել են. «Ինչպես տեսանք Հյուսիսային Մակեդոնիայի և Հունաստանի միջև Պրեսպայի համաձայնագրի, ինչպես նաև Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի միջեւ վերջերս կնքված խաղաղ պայմանագրերի օրինակներով, խաղաղ բանակցությունները կարող են հանգեցնել կարգավորման բանաձևերի, որոնցից շահում են բոլոր քաղաքացիները: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա երկարատև հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե ռազմական ագրեսիայով, այլ քաղաքական երկխոսությամբ: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և վերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակին՝ բանակցությունների միջոցով տասնամյակների այս տարաձայնությունը խաղաղ կարգավորելու համար »,- նշված է սենատորների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հակամարտության բռնկումից հետո նախագահ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցին այս կապակցությամբ նշել էր. «Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավ հարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները»:
Իր հերթին երեկ Սպիտակ տունը հրապարակեց հայտարարություն, ուր դատապարտեց ռազմական գործողությունները և կողմերին կոչ արեց անհապաղ առանց նախապայմնաների դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Բացի այդ, հակամարտության բռնկման առաջին իսկ օրերին ԱՄՆ պետքարտուղարույունը տարածեծ հայտարարություն , ուր խստորեն դատապարտեց լարվածության աճը՝ հորդորելով երկու կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել նրանց միջև գոյությունունեցող ուղիղ հաղորդակցության միջոցները, զերծ մնալ հետագա սրացումից և վնասարար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք էլ ավելի են աճեցնում լարվածությունը տեղում: Պետքարտուղարությունը նաև ընդգծեց, որ արտաքին ուժերի մասնակցությունը հակամարտությանը խորապես անօգտակար է և միայն կնպաստի տարածաշրջանային լարվածությանը՝ հորդորելով կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու համար:
Հետագայում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի քանի անգամ անդրադարձել է հակամարտությանը՝ կրկին կոչ անելով դադարեցնել կրակն ու սկսել բանակցությունները: Նա նաև հորդորել է երրորդ ուժերին զերծ մնալ հակամարտության մեջ ներգրավումից՝ ընդգծելով, որ ԱՄՆ չի ցանկանում, որ այս լարվածությունը ստանա միջազգային բնույթ:
Facebook Forum