Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվում են արյունալի բախումներ: Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը պետքարտուղարության հայտարարության մեջ նախազգուշացնում է՝ երրորդ ուժերի ներգրավումը հակամարտությունում կնպաստի տարածաշրջանային լարվածության աճին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը իրավիճակը գնահատում է ծայրահեղ լարված: Մտահոգիչ են հակամարտության ընդլայնման հավանականությունն ու կիրառվող մահացու զինատեսակները, որոնք սպառնում են նաև խաղաղ ազգաբնակչությանը: Բանակցային գործընթացն ու կողմերի միջև կապի բացակայությունն, ըստ դեսպան Ուորլիկի, հանգեցրեց ռազմական բախումների վերսկսմանը: Վատագույն սցենարի պարագայում, ըստ դեսպանի, դրանք կարող են ներառել նաև տարածաշրջանային երկրները:
՛՛Կողմերը պետք է հավատարիմ լինեն խաղաղությանը և լուրջ բանակցային գործընթաց նախաձեռնեն, որը տեղի չէր ունենում որոշ ժամանակ՛՛,- ասում է Ուորլիկը:
Մինսկի խմբի մեկ այլ ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով էլ դժվար է ասել, թե կողմներից որ մեկն է սկել բախումը: Բանակցային գործընթացն, ըստ նրա, խափանվեց վարչապետ Փաշինյանի՝ ՛՛Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ՛՛ հայտարարությունից հետո, որին հաջորդեց զենքերի կուտակումը շփման գծի երկայնքով և հուլիսյան բախումները հայ-ադրբեջանական սահմանին: Նրա կարծիքով Թուրքիան և Ռուսաստանը լրացնում են Մինսկի խմբի թողած բացն այդ տարածաշրջանում: Մոսկվան սակայն ցանկանում է խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ իր ազդեցությունը մեծացնելու համար:
՛՛Ռուսաստանն այժմ ասում է, որ կպաշտպանի Հայաստանին՝ որպես դաշնակից: Թուրքիան նույնն է ասում Ադրբեջանի մասին: Այսպիսով, կարողենք տեսնել հակամարտության ընդլայնում՛՛,- ընդգծում է նա:
Սակայն վերլուծաբան Փոլ Սթրոնսկին լարվածության հիմքում է տեսնում մի շարք գործոններ, ներառյալ կողմերի միջև լարվածության ու ագրեսիվ հռետորաբանության աճը վերջին շրջանում, միջազգային իրավիճակի սրումն ու մեծ քանակությամբ մահաբեր զենքերի կուտակումը կողմերի ձեռքում: Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պայմաններում ևս զգալիորեն նպաստեց այս զարգացումներին: Մասնվորապես, Ադրբեջանում, ըստ վերլուծաբանի, տնտեսական դժվարությունները խափանեցին պետության և հասարակության միջև հաստաված սոցիալական պայմանագիրը, ըստ որի, ժողովրդավարության բացակայությունը փոխարինվում էր սոցիալական բարեկեցությամբ և Ղարաբաղի վերադարձի խոստումներով: Ըստ վերլուծաբանի, պատերազմը հնարավորություն է տալիս շեղել հանրության ուշադրությունը նման խնդիրներից:
Հակամարտության ընդլայնման առումով Փոլ Սթրոսկին ընդգծում է՝ Թուրքիան և Ռուսաստանը չեն ցանկանում ուղակիորեն ներգրավվել հակամարտության մեջ միմյանց դեմ, սակայն Անկարայի կատաղի աջակցությունը Բաքվին ստեղծում է նման վտանգ: Վերլուծաբանի կարծիքով նման սցենարից խուսափելու համար դիվանագիտական տարբեր խողովակներով այժմ ընթանում են քննարկումներ, քանի որ լայնածավալ տարածաշրջանային բախումը Հարավային Կովկասում չի բխում որևիցէ մեկի շահերից:
Facebook Forum