Johnson & Johnson գիտական թիմի ղեկավար Փոլ Ստոֆելսը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ 60,000 մասնակիցներ արդեն ստանում են պատվաստանյութի չափաբաժիններ Միացյալ Նահանգների 215 բնակավայրերում, ինչպես նաև արտասահմանում, ներառյալ Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Պերուում և Հարավային Աֆրիկայում: Դա հնարավոր է դարձել ԱՄՆ-ում և Բելգիայում անցկացված 1-ին և 2-րդ փուլի փորձարկումների դրական արդյունքների շնորհիվ:
Johnson & Johnson պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ հավանական պատվաստանյութերից մեկն է, որը ԱՄՆ-ում անցկացնում է զանգվածային 3-րդ փուլի փորձարկումներ: Մի շարք այլ ընկերություններ ևս այսօր աշխատում են այս ուղղությամբ, ներառյալ Moderna, AstraZeneca, Pfizer և գերմանական BioNTech ընկերությունները: Դրանք ստանում են վարչակազմի աջակցությունըOperation Warp Speed նախաձեռնության ներքո, որի նպատակն է հաստատված պատվաստանյութի 300 միլիոն չափաբաժիններ տրամադրել մինչև 2021 թվականի հունվար ամիսը:
Johnson & Johnson- ի պատվաստանյութը, որը մշակվում է մեկ չափաբաժին պատվաստանյութ ստանալու հիմքի վրա, որոշակի առավելություններ ունի մյուս երեք հավանական պատվաստանյութերի հետ համեմատած, որոնք պահանջում են երկու չափաբաժնի ընդունում: Դա ավելի դյուրին է դարձնում զանգվածային պատվաստման գործընթացը:
Ընկերությունն ակնկալում է երրորդ փուլի վերջնական արդյունքները ստանալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Դրա մասին հայտարարել է Առողջապահության ազգային ինստիտուտի և Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Փոլ Ստոֆելսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով ողջունեց Johnson & Johnson- ի հայտարարությունը՝ կոչ անելով FDA- ին արագացնել վերջնական հաստատման գործընթացը:
Նախագահը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել, որ կարող է մերժել FDA- ի առաջարկը մի շարք խիստ նոր ուղեցույցներ ընդունելու հարցում COVID-19 պատվաստանյութի հետ կապված՝ այն որակելով «քաղաքական քայլ»: Նոր կանոնները, որոնց մասին առաջինը երեքշաբթի հաղորդեց Washington Post- ը, դեղորայք արտադրողներից կպահանջեն հետազոտել վերջին փուլում գտնվող կլինիկական փորձարկումների մասնակիցներին առնվազն պատվաստումից երկու ամիս անց:
Այս նոր կանոնների ընդունման պարագայում դրա կիրառման ժամկետները կընկնեն նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններից հետո: Նախագահ Թրամփը բազմիցս խոսել է նախքան ընտրությունները պատվաստանյութի պատրաստ լինելու հավանականության մասին:
FDA- ի կողմից առաջարկվող նոր ուղեցույցների մերժման Թրամփի սպառնալիքին նախորդել էր գերատեսչության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի` որոշումները կհիմնվեն գիտական արդյուքների վրա: Գերատեսչությունը վերջնական որոշում է կայացնում կորոնավիրուսի պատվաստանյութի թույլտվություն մասին:
Facebook Forum