Միչիգանցի Միկի Քուքը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի աշխատանքը իր պաշտոնում:
Ասում է՝ Թրամփն արել է այն, ինչ խոստացել էր, և դա ամենակարևորն է: «Նա քրտնաջան աշխատում է, և ես ոչ մի քաղաքական գործչի կողմից այնպիսի ձեռքբերումներ չեմ տեսել, ինչպիսին Նա է ունեցել»,- վստահեցնում է Քուքը:
Բայց որքան էլ նա աջակցում է նախագահին, մասնակցում քարոզարշավներին, ինչպես նաև վերնաշապիկներ վաճառում, այդուհանդերձ վստահ չէ, որ կքվեարկի նոյեմբերին կայանալիք ընտրություններին: Քվերակությունն այնքան էլ կարևոր և իմաստային չի համարում:
Ի տարբերություն Քուքի՝ միչիգանցի թոշակառու գործարար Բրենթ Սլեյը կգնա քվեարկության և իր ձայնը կտա դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Գործարարի համոզմամբ՝ Բայդենը Միչիգանում ավելի մեծ սատարում ունի, քան Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ուներ. «Հիլարի Քլինթոնի ժամանակ մեծ ոգևորություն չկար: Բերնի Սանդերսը հաղթել էր նրան Միչիգանի նախնական ընտրություններում: Չեմ կարծում, որ Միչիգանը բացահայտ լիբերալ նահանգէ,ուստի գտնումեմ, որշատ ավելի մեծ ոգևորություն կա Բայդենի համար»:
Դոկտոր Մահմուդ Ալ-Հադիդին աշխատում է Միչիգանի հիվանդանոցներից մեկում: 2016թ.-ին նա աջակցել է Քլինթոնին, 2018 թ.-ին էլ սատարել է ներկայիս դեմոկրատ նահանգապետին: Այդուհանդերձ, առաջիկա ընտրություններին վերջնական որոշում կայացնելու համար
Դոկտոր Ալ-Հադիդին ուզում է տեսնել, թե ինչպես է Բայդենը վերաբերվում Միչիգանի մահմեդական համայնքին:
«Մահմեդական համայնքն ավելի քան 100,000 ընտրող ունի: Նրանք կարող են արդյունքները փոխել այս կամ այն ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, որ պաշտոնյաները դա գիտակցում են»,-ասում է նա:
Չորս տարի առաջ Դոնալդ Թրամփը դարձավ 1988-ից ի վեր Միչիգանում հաղթած առաջին հանրապետական թեկնածուն: Այսօր հարցումներով առաջատարը Ջո Բայդենն է:
«Սովորաբար երբ ամեն բան բնականոն ընթացքի մեջ է լինում, մենք ակնկալում ենք, որ ընտրողների ակտիվությունը կավելանա: Բայց 2012-ից 2016 թվականներին Միչիգանում մասնակցության ցուցանիշը փաստացի նվազել է 200,000 ձայնով»,- ասում է Միչիգանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մայքլ Թրագոտը:
Ըստ պրոֆեսորի՝ այդ անկման մեծ մասը եղել է շատ աֆրոամերիկացիներով բնակեցված Դետրոյթ քաղաքում և դրա մերձակայքում: Եվ ընտրողվերի ցածր մասնակցությունը Թրամփին թույլ տվեց մոտ 10,700 ձայնի առավելություն ստանալ ավելի քան 4,5 միլիոն ընտրողների մեջ:
Իսկ թե բնակչության քանի տոկոսն այս անգամ կմասնակցի ընտրություններին, ավելի անորոշ է դարձել հատկապես համաճարակի ֆոնին, կարծում է Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր Ալվին Թիլերին: Ըստ նրա՝ մարդիկ ընտրության գնալ չգնալու լուրջ երկընտրանքի առջև են կանգելու նաև մի քանի ժամ տևող հերթերի պատճառով:
Թրամփի կողմնակից Միկի Քուքը ևս չի կարծում, որ երկար կսպասի իր ընտրատեղամասում: Բայց վստահ է, ավելի լավ է քվերակել, քան ոչինչ չանել: