Մատչելի հղումներ

Նավալնիին թունավորել են ջրի շշով, Տոմսկի հյուրանոցում, հայտնել են թիմակիցները


Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիին թունավորող քիմիական նյութը հայտնաբերվել է Սիբիրի Տոմսկ քաղաքում գտնվող նրա հյուրանոցի սենյակի ջրի դատարկ շշի վրա: Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդի թիմակիցները ենթադրում են, որ նա այնտեղ է թունավորվել, և ոչ թե օդանավակայանում, ինչպես նախկինում էին կարծում:

Ըստ գերմանացի մասնագետների՝ Նավալնին թունավորվել է Նովիչոկ տեսակի թույնով: Պաշտոնական Ռուսաստանից, մինչդեռ, ասում են՝ ոչ մի ապացույց չեն տեսել, որ նա թունավորվել է:

Նավալնիի Instagram-ի էջում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես էին նրա թիմակիցները որոնումներ կատարում Տոմսկի հյուրանոցում, երբ իմացել էին կասկածելի հանգամանքներում Նավալնիի ինքնազգացողության կտրուկ վատթարանալու մասին:

«Որոշվել էր հավաքել այն ամենը, ինչը կարող էր օգտակար լինել հետաքննությանը և այն հանձնել Գերմանիայի բժիշկներին: Այն, որ Ռուսաստանում գործը չէր քննվելու, ակնհայտ էր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութում երևում է, որ այլ իրերի հետ միասին Նավալնիի թիմակիցները պաշտպանիչ ձեռնոցներով հավաքում են մի քանի դատարկ շիշ:

Ըստ վերջիններիս տարածած հաղորդագրության՝ երկու շաբաթ անց գերմանական լաբորատորիան հայտնաբերել է Նովիչոկի հետքերը հենց Տոմսկի հյուրանոցի սենյակի ջրի շշի վրա:

Ռուսաստանը նախաքննություն է իրականացրել, սակայն նշել է, որ պետք է ավելի մեծ թվով դատաբժշկական վերլուծություններ ունենա նախքան քրեական գործ հարուցելը:

Բրիտանիայում գրեթե համոզված են, որ Ռուսաստանի հետախուզական ծառայություններն են ներքաշված Ռուսաստանի նախագահի սուր քննադատին թունավորելու գործում, և կատարվածի պատասխանատուն Ռուսաստանն է: Նրանք հիշեցնում են, որ քիմիական զենքի կիրառումն արգելված է:

XS
SM
MD
LG