Հազարավոր մարդիկ սեպտեմբերի 11-ին կհավաքվեն Նյու Յորքի կենտրոնում, Վաշինգտոնում և Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքում` հարգելու 2001թ.-ի ահաբեկչության մոտ 3000 զոհերի հիշատակը: 19 տարի առաջ այդ օրն առևանգված 3 ինքնաթիռները բախվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերին և Պենտագոնին: Ինքնաթիռներից մեկում էլ ուղևորները դիմադրություն ցույց տվեցին ահաբեկիչներին, որի արդյունքում հավանաբար մեկ այլ շենք թիրախավորած ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգում:
Նյու Յորքում հիշատակի արարողություն է տեղի ունենում 9/11-ի հուշահամալիրում, որտեղ սգավորները հավաքվում են դեպքից հետո ամեն տարի, ընթերցում զոհերի անունները:
Այցելուները նաև համընդհանուր լռությամբ կհարգեն զոհերի հիճատակը ճիշտ այն պահերին, երբ ինքնաթիռներն ընկել են շենքերի վրա:
Կատարվածից հետ Ուսամա բեն Լադենը և Ալ Քայիդան ստանձնեցին պատասխանատվությունը, որին հաջորդեց ԱՄՆ-ի պատերազմը Աֆղանստանում:
ԱՄՆ-ի ուժերը բեն Լադենին սպանեցին 2011-ի մայիսին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում գտնվող նրա առանձնատանը, ուր թաքնվում էր ահաբեկիչը իր ընտանիքի որոշ անդամների հետ: Դրանով վերջ դրվեց Ալ Քայիդայի առաջնորդի շուրջ 10 տարի տևած հետապնդումը: