Անօթեւան մնացած հազարավոր փախստականներ շրջում են Հունաստանի Լեսբոս կղզու շրջակայքում, քնում փողոցներում: Նախորդ գիշերվա հրդեհներից տուժել է նրանց 12.000 բնակիչ ունեցող ճամբարը: Իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ ապաստան հայցողներից ոմանք, ովքեր կորոնավիրուսի վարակակիր են, կարող են տարածել վիրուսը:
Աֆղանստանցի Յասերը, որը բազմաթիվ այլ փախստականների հետ փողոցում է մնացել, «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է՝ չգիտեն ուր գնալ:
Շատ բարդ իրավիճակ է, չգիտենք ինչ անել», - ասում է մեկ այլ փախստական Կոնգոյից: Նրանք թափառում են կղզու փողոցներում, փորձում հավաքել իրենց մի քանի իրերը, պատսպարվում շենքերի մոտ կամ ձիթենիների տակ:
Հունաստանի միգրացիայի հարցերով նախարարի տեղակալ Գիորգոս Կումումացակոսի փոխանցմամբ՝ այս պահին ճամբարն ամբողջությամբ ավերվել է, 3000 մարդ մնացել է առանց ապաստանի. «Գիտակցում ենք միգրանտների կարգավիճակի ազդեցությունը համաճարակի տարածման վրա այս արտակարգ իրավիճակներում: Ծայրաստիճան դժվարին իրավիճակ է ստեղծվել: Կառավարությունը նախատեսում է վրաններ տեղադրել նրանց ժամանակավոր տեղավորելու համար: 3000 մարդ կացարանի խիստ կարիք ունի»:
Ըստ փոխնախարարի՝ հարյուրավոր երեխաներ տեղափոխվել են հյուրանոցներ կամ այլ բնակավայրերում ավելի անվտանգ տեղեր:
Հրդեհների պատճառը դեռ հայտնի չէ, բայց իշխանությունները ուսումնասիրում են, պարզելու համար, թե արդյոք դրանք միտումնավոր են արվել:
«Մինչ այժմ մեր հավաքած տեղեկություններով հրդեհները սկսվել են Մորիայի ճամբարի բնակիչների դժգոհության պատճառով: Այնտեղ պարտադրված մեկուսացում հայտարարվեց, երբ նախորդ օրերին անցկացված1900 թեստերի արդյունքում հայտնաբերվեց կորոնավիրուսի 36 դեպք», - ասել է Կումուցակոսը:
Նախորդ շաբաթ առաջին վարակակրի բացահայտումից հետո ճամբարում կարանտին էր հայտարարվել:
ՄԱԿ-ի փախստականների գործակալությունում հաղորդումներ են ստացվել հարևան գյուղերի մարդկանց և ապաստան հայցողների միջև լարվածության մասին: