Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է դառնալ երկրի վարչապետ, եթե իր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հաղթի հոկտեմբերին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում: Միևնույն ժամանակ Վրաստանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները, ներառյալ «Եվրոպական Վրաստանը», որը հիմնադրվել է Սաակաշվիլիի թիմի անդամների կողմից, ասացին, որ չեն սատարի նրա թեկնածությունն այդ պաշտոնում, եթե բախվեն նման հարցի հետ:
«Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերմունքը համամասնական ընտրակարգին և կոալիցիոն կառավարությանը ց ույց է տալիս, որ նա ցանկանում է հետ վերադառնալ անցյալ: Կասկածներ կան, որ նա փնտրում է միանձնյա կառավարում: Միևնույն ժամանակ երկիրը վճռական փոփոխությունների և առաջընթացի կարիք ունի, ոչ թե հետքայլի », - հայտարարեց Գիգա Բոքերիան՝ « Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից մեկը, ով Սաակաշվիլիի կառավարությունում զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը:
Վրաստանի ընդդիմադիրների մեծ մասը կարծում է, որ Սաակաշվիլիի բացահայտ մասնակցությունը նախընտրական արշավին ձեռնտու է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որն, ըստ ընդդիմախոսների, տարիներ շարունակ իր օգտին է մոբիլիզացրել ընտրողներին Սաակաշվիլիի նկատմամբ հակակրանքի միջոցով, որը դեռ առկա է Վրաստանի որոշակի շրջանակներում:
Հատկանշական է, որ հունիսի 4-ից հուլիսի 2-ը Վրաստանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն, որն իրականացրել է ամերիկյան հասարակական կազմակերպություններից Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), ընդդիմադիր կուսակցությունների շրջանում ամենամեծ աջակցությունն ունեցող ուժը Սաակաշվիլիի «ՄԱԿ» կուսակցությունն է, բայց այն ունի ընդամենը 16 տոկոս աջակցություն:
Նախապատմություն
Միխեիլ Սաակաշվիլին լքեց Վրաստանը 2013 թ.-ին իր նախագահության ժամկետի ավարտից հետո և այդ ժամանակներից ի վեր գտնվում է Վրաստանից դուրս: Վրաստանը լքելուց հետո նա նշանակվել է Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար: Այդ պաշտոնում նա մնաց 2015 թ-ի մայիսից մինչև 2016 թ-ի նոյեմբերը: Համաձայն ուկրաինական օրենքների, այդ պաշտոնը կարող է զբաղեցնել միայն Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձը, ուստի Սաակաշվիլին ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն 2015 թ-ի մայիսին, իսկ այնուհետև, ըստ վրացական օրենքների, կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը:
Վրաստանի Սահմանադրության համաձայն մեկ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձը չի կարող պաշտոնավարել որպես վարչապետ: Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար Սաակաշվիլին ստիպված պետք է լինի դիմել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Բացի այդ, վարչապետ դառնալու համար, պետք է դադարեցվեն Վրաստանում նրա դեմ հարուցված քրեական գործերը: Ընդհանուր առմամբ, նախկին նախագահի դեմ հարուցվել է չորս քրեական գործ: 2017 թ-ին Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով դատապարտեց նրան ինը տարվա ազատազրկման երկու առանձին գործերով ՝ լիազորությունները չարաշահելու և միջոցներ վատնելու համար: Սաակաշվիլին հերքում է բոլոր մեղադրանքները ՝ պնդելով, որ դրանք քաղաքական հետապնդման արդյունք են:
Միխեիլ Սաակաշվիլին այժմ Ուկրաինայում զբաղեցնում է Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը:
Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 7-ին ՄԱԿ քաղաքական խորհուրդը հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլիի առաջադրման որոշման մասին երկրի վարչապետի պաշտոնում, նախկին նախագահը տեսաուղերձ է տարածել Վրաստանի քաղաքացիներին, որում նա ներողություն է խնդրում իր կառավարման ընթացքում թույլ տրված սխալների համար և ընդգծում, թե որքան բարեկեցիկ կդառնա Վրաստանը, եթե ինքը կրկին ստանձնի Վրաստանի ղեկավարումը:
«Գլխավորը՝ ներողություն խնդրելը չէ, այլ՝ սխալներն ուղղելը: Եվ ես ուզում եմ հնարավորություն ստանալ շտկելու իմ սխալները և շատ ավելին անելու մեր երկրի, յուրաքանչյուր վրացի ընտանիքի, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Հաղթահարել աղքատությունը, բարելավել երկիրը, ընտանիքների, մարդկանց վիճակը, ստեղծել եկամտի աղբյուր մեր յուրաքանչյուր քաղաքացու համար: Ես զգում եմ, որ ունեմ դրա ներուժը և դա իրականացնելու կարողությունը ՝ հաշվի առնելով իմ փորձը և սխալները», - ասել է Սաակաշվիլին: Նախկին նախագահը չի նշել հայրենիք վերադառնալու կոնկրետ ամսաթիվը:
Թբիլիսիի արձագանքը
«Եվրոպական Վրաստանից» Սաակաշվիլիի նախկին համախոհները նրա ելույթը որակեցին «կենաց» և ասացին, որ նկարագրելով երկրի ապագա բարգավաճման պատկերը՝ նա մոռացավ ասել, թե ինչպես է ցանկանում հասնել դրան: Այլ քաղաքական գործիչներ, այդ թվում իշխող ուժի ներկայացուցիչները, Սաակաշվիլիի հայտարարությունները համարեցին «անլուրջ»:
Միևնույն ժամանակ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները նշում են, որ եթե Միխեիլ Սաակաշվիլին վերադառնա Վրաստան, նրան կձերբակալեն: Ինչպես հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուքիանին, Սաակաշվիլին կկալանավորվի անմիջապես Վրաստանի պետական սահմանին: Նախարարը բացատրել է նաեւ, որ վրացական կողմը տարիներ շարունակ փորձում է հասնել Սաակաշվիլիի արտահանձնմանը Ուկրաինայից:
Միևնույն ժամանակ վրացի որոշ քաղաքական գործիչներ կասկած հայտնեցին այն մասին, որ Սաակաշվիլին իսկապես նախատեսում է վերադառնալ ՝ ասելով, որ ամենայն հավանականությամբ դա «քաղաքական շոու» է:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վստահեցրեց, որ Սաակաշվիլիին թույլ չի տրվի խափանել ընտրությունների անցկացումը խաղաղ և հանգիստ մթնոլորտում:
«Թող վերադառնա, բայց ոչ ոք չի կարողանա ազդել երկրի կայունության վրա», - ասել է Վրաստանի վարչապետը սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում:
Վրաստանի ԿԸՀ-ը հիշեցրել է, որ վրացական օրենքների համաձայն, այն անձը, ով չունի Վրաստանի քաղաքացիություն, իրավունք չունի մասնակցել ընտրարշավին: ԿԸՀ մամլո քարտուղար Աննա Միքելաձեն սեպտեմբերի 8-ին հայտնել է, որ դեռ չկան կոնկրետ փաստեր, որոնք կհաստատեն, որ Սաակաշվիլին խախտել է այս նորմը:
Չնայած «Արդար ընտրություններ» ՀԿ-ը պնդում է, որ եթե անգամ ապացույցներ հայտնվեն, որ Սաակաշվիլին մասնակցում է ընտրություններին, Վրաստանի ընտրական համակարգը չունի համապատասխան լծակներ ՝ դա կանխելու համար:
Facebook Forum