Մատչելի հղումներ

Միջերկրածովում իրադրությունը շարունակում է մնալ լարված


Թուրքիան երկարաձգել է Միջերկրական ծովում գազի հանքավայրերի հետազոտման աշխատանքները` հենվելով իր և Լիբիայի միջև տնտեսական բացառիկ գոտու մասին համաձայնագրի վրա

Ռազմանավերի պաշտպանության տակ գտնվող իր սեյսմիկ հետազոտական նավի ուսումնասիրությունից բացի, Անկարան հայտարարում է, որ Կիպրոսի հարավ-արևմտյան ծովային տարածքի մոտակայք է ուղարկում հորելու աշխատանքների համար նախատեսված նավ: Այս գործողությունները պետք է տևեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Ի պատասխան, Հունաստանը և Եգիպտոսը ստորագրել են բացառիկ տնտեսական գոտու մասին իրենց համաձայնագիրը: Չնայած Եվրամիության կոչերին, Հունաստանի կտրուկ քննադատությանը և տարածաշրջանում ֆրանսիական և իտալական ռազմական ներկայության ուժեղացմանն ու Հունաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններին՝ Թուրքիան նախազգուշացրել է, որ կտրուկ կարձագանքի հետազոտական աշխատանքերին միջամտելու յուրաքանչյուր փորձի:

Երկուշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ընդունեց ՆԱՏՕ-ի ռազմաքաղական ղեկավարությանը՝ Արևելյան Միջերկրածովի վերջին զարգացումները քննարկելու համար: Հանդիպումը կայացավ Անկարայում:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչը `Թուրքիայի և Հունաստանի միջև տեխնիկական բանակցություններ սկսելու մասին: Հանդիպման ընթացքում Աքարը հայտարարել է, որ Անկարան ողջունում է Ստոլտենբերգի երկխոսության կոչը և ակնկալում, որ մյուս երկրները կհետևեն ՆԱՏՕ-ի համերաշխության ոգուն: Հիշեցնենք, որ հանդիպմանը նախորդել էր ՆԱՏՕ-ի ղեկավարի ուրբաթ օրվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցություններ են սկսվել Արևելյան Միջերկրածովում լարվածությունը նվազեցնելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունաստանին շաբաթ օրը հորդորել էր սկսել բանակցություններ միջերկրածովյան տարածքների շուրջ, որոնք կողմերից յուրաքանչյուրը համարում է իր սեփականությունը: Բանակցություններից հրաժարվելու դեպքում Էրդողանը նախազգուշացրել է վատ հետեւանքների մասին: ‘’Նրանք կամ պիտի հասկանան քաղաքականության ու դիվանագիտության լեզուն, կամ պիտի զգան ցավոտ հետեւանքները’’, ասել էր Էրդողանը:

Հիշեցնենք, որ մի կողմից Հունաստանի ու Կիպրոսի, մյուս կողմից Թուրքիայի միջև ծագել է անհամաձայնություն՝ կապված Միջերկրական ծովի արեւելքում էներգետիկ պաշարների պատկանելիության հարցի շուրջ: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Անկարան վիճահարույց տարածք ուղարկել Օրուք Ռեյս սեյսմիկ հետազոտական նավը: Ֆրանսիան, Իտալիան, ԱՄԷ-ը, Եգիպտոսն ու այլ երկրներ աջակցություն են հայտնել հունական կողմին:

Facebook Forum

XS
SM
MD
LG