Միլիոնավոր աշակերտներ աշխարհի տարբեր երկրներում այսօր վերադարձան դպրոցներ: Պայուսակներում, սակայն, այս տարի գրենական պիտուքներին ևս մեկ պարտադիր պարագա է ավելացել՝ դեմքի պաշտպանիչ դիմակը:
Այս տարվա մարտից սկսած աշխարհի գրեթե բոլոր երկրների աշակերտները դադարեցին դպրոցներ հաճախել: Կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի ուսումնական երկրոդ կիսամյակը շատերի համար անցավ առցանց:
Նոր ուսումնական տարին էլ նոր կանոններով մեկնարկեց: Եվրոպական մի շարք երկրներում երեխաներին անվտանգ դասասենյակ վերադարձնելու համար դպրոցներում տեղադրվել են ձեռքերի ախտահանման կետեր, սոցիալական հեռավորության նշաններ, դասերի, դասամիջոցների նոր կանոններ մշակվել:
Դպրոցների վերաբացմամբ պետությունը ստանձնում է պատասպանատվություն վիրուսի նոր ալիքի համար: Իսպանիայում, օրինակ, պետք է պահպանեն ազգային կանոնակարգերը, որոնցից մեկն էլ վեցից բարձր երեխաների պարտադիր դիմակ կրելն է:
Ֆրանսիայի կառավարությունն էլ որոշել է, որ ճգնաժամը չպետք է կանգնեցնի քաղաքացիների առօրյան, մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե դպրոցների այս շաբաթ վերաբացումը ճակատագրական կարող է լինել:
Ռուսաստանում ևս աշակերտները վերադարձան դպրոցներ՝ չնայած նրան, որ երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը: Այնտեղ դպրոցներում դիմակը պարտադիր է միայն ուսուցիչների համար:
Չինաստանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ այնտեղ ևս վերաբացվել են բ մանկապարտեզները և դպրոցները: Այդուհանդերձ, տեղի կառավարությունը աշակերտներին և ուսանողներին խորհուրդ է տվել դիմակներ կրել դպրոցից դպրոց և հնարավորության դեպքում խուսափել հասարակական տրանսպորտից:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհում ապրիլին կորոնավիրուսի պատճառով շուրջ 1,5 միլիարդ երեխա է տուժել դպրոցների փակումից հետո: Մասնագետներն ասում են, որ դա մեծացրել է անհավասարության խնդիրը: Կորոնավիրուսի համաճարակի տարածման վերաբերյալ գլոբալ տվյալները ցույց են տալիս, որ երեխաներն ու երիտասարդներն ամբողջ աշխարհում կազմում են դեպքերի միայն 1-2% -ը: Երեխաների մեծ մասը ունեցել է վարակի մեղմ կամ ասիմպտոմատիկ նշաններ՝ գրանցված մահացությունների մի քանի դեպքերով: