ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարում ցուցադրել են սպիտակամորթ ամուսինների, ովքեր զենք էին պարզել իրենց տան կողքով անցնող «Սևերի կյանքերն արժեք ունեն» կարգախոսով ցույցի մասնակիցների վրա:
Նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Մարք Մըքլոսքի. «Մեր տան մոտ հավաքված վերահսկողությունից դուրս ոչ մի մարդ չի մեղադրվում հանցագործության մեջ: Բայց իրականում մեզ են մեղադրել հանցագործության մեջ այն բանի համար, որ համարձակվել ենք պաշտպանել մեր տունը»:
Հայցվոր կողմը զույգին մեղադրել է զենքի ապօրինի օգտագործման մեջ:
Տեղի ունեցածն ընդգծեց Թրամփի քարոզչության այն պնդումը, որ ռասայական արդարության պահանջով բողոքի ցույցերը տարածվում են և` աճում հանրային անվտանգության սպառնալիքները:
Հենց այս շաբաթ բողոքի ցույցեր բռնկվեցին Վիսկոնսինի Քենոշա քաղաքում, երբ սպիտակամորթ ոստիկանը կրակեց սևամորթ տղամարդուն իր երեխաների աչքերի առջև: Ցուցարարները թալանել և այրել են քաղաքի որոշ բիզնեսներ: Երկու մարդ մահացել է:
Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը կոչ է արել ոստիկանության համակարգում բարեփոխումներ իրականացնել, որպեսզի վերջ տրվի համակարգային ռասիզմին: Նա նաև դատապարտել է բռնի բողոքի ցույցերը և դեմ արտահայտվել ոստիկանության ծրագրերը կրճատելու ջանքերին:
Այնուամենայնիվ, հանրապետական համագումարում ելույթովներով հանդես եկող անձինք Բայդենին և նրա կուսակցությանը մեղադրում են բռնի ծայրահեղականների հետ աշխատելու և ոստիկանության դեմ գործելու մեջ, ինչի նպատակը, ըստ նրանց, աֆրոամերիկացիների աջակցությունն ապահովելն է:
Թրամփի քարոզարշավի պաշտոնյաներից Քիմբերլի Գիլֆոյլի կարծիքով՝ դեմոկրատներն ապամոնտաժելու և ոչնչացնելու են Ամերիկայի իրավապահ մարմինները. «Երբ դուք խնդիրներ ունեք և ոստիկանության կարիքն ունեք, մի ապավինեք դեմոկրատներին», ասել է նա:
Օրենք ու կարգ սկզբունքը հանրապետականների համար դեռ վաղուց է հաղթաթուղթ եղել: Ռիչարդ Նիքսոնը 1968 թվականի ընտրություններում հաղթեց մասնակիորեն ՝ խոստանալով պաշտպանել հանրային անվտանգությունը, քանի որ ամբողջ երկրում ռասայական խտրականության և Վիետնամի պատերազմի դեմ ցույցեր էին:
Այդուհանդերձ, լիբերալներն ու դեմոկրատներն ասում են, որ Թրամփը, որպես գործող նախագահ, չի կարող խուսափել պատասխանատվությունից ներկա լարվածության համար:
Թրամփը նաև քննադատության է ենթարկվել ցուցարարների դեմ իրավապահ ուժեր դուրս բերելու համար: Հունիսին դաշնային ոստիկանները Սպիտակ տան մոտակայքում խաղաղ ցուցարարներին ուժով մաքրելու համար օգտագործել են բռնի միջոցներ: Դրանից կարճ ժամանակ անց Թրամփը դուրս եկավ Սպիտակ տնից և քայլեց դեպի փողոցի մյուս կողմում գտնվող եկեղեցին:
Նախագահը նաև դաշնային ուժեր է ուղարկել ԱՄՆ այլ քաղաքներ, որտեղ ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ:
Վերլուծաբան Մեթ Գրոսմանն ասում է, որ Թրամփը նորովի շեշտը դնում է օրենքի գերակայության վրա՝ օգտագործելով իր տնտեսական և քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:
Մինչ դեմոկրատները ասում են, որ Թրամփն այդպիսով փորձում է կոծկել իր ղեկավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի ձախողումները, կողմնակիցները պնդում են, որ դա արտացոլում է հասարակության աճող անհանգստությունը երկրում ռասայական անկարգությունների կապակցությամբ: