ԱՄՆ հանրապետական կուսակցության 2020 թվականի համագումարի պատվիրակներն իրենց աջակցությունը հայտնեցին մեկ թեկնածուի օգտին: Բայց այս անգամ Դոնալդ Թրամփի համար այնքան էլ հեշտ չէր դրան հասնելը:
«Թրամփը մեր պետության շատ մարդկանց համար ծանր ընկալվող թեկնածու է»,- ասում է ԱՄՆ-ի առավել պահպանողական նահանգներից մեկի՝ Յութայի պատվիրակ Ամին Ուինդեր Նյութոն: Նա չորս տարի առաջ սատարում էր Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին և ընտրություններին նույնիսկ չէր քվեարկել Թրամփի օգտին:
Ասում է՝ այդ ժամանակ վստահ չէր, որ Թրամփը կաներ այն ամենը, ինչ ասում էր: Բայց Թրամփը, նրա խոսքերով, ապացուցեց, որ ինքը սխալվել է:
Պատվիրակի խոսքով՝ Թրամփը չի վախենում ծանր խնդիրներով զբաղվել:
Պատվիրակ Օսկար Բրոքը հպարտությամբ է նստել Թենեսի նահանգի անունը կրող ցուցանակի հետևում, որն այս տարի քվեարկել է նախագահ Թրամփի օգտին: Բայց նա նույնպես, նախքան Թրամփին միանալը, 2016-ին Ռուբիոյի պատվիրակներից էր.
«Թրամփը թարմության շունչ է: Նկատի ունեմ, որ նա տարբեր էր վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կայացած քաղաքական գործիչներից: Նա հանդես եկավ նոր խոստումներով»:
Հյուսիսային Քարոլինայի պատվիրակ Բրենդի Սնայփսը նույնպես Թրամփի կողմնակիցն է դարձել: Նա 2016-ին աջակցել է Թեքսասի սենատոր Թեդ Քրուզին:
Բայց հետո նրա որդին` Գասթոնի շրջանի երիտհանրապետական Մոին, նրան տարել է Թրամփի հանրահավաքին:
«Ես լսեցի, թե որքան տարբեր է նա և ինչպես չէր վախենում ասել այն, ինչ մտածում էր: Հենց այդ ժամանակ ես ասացի՝ այդ մարդը հաղթելու է»,-ասաց Մոին:
Սնայփսների ընտանիքը գոհ է Չինաստանի հետ Թրամփի վարած քաղաքականությունից: Հավատացած են, որ օտար երկրների հետ ամեն կերպ հարաբերություններ պահպանելու հանգամանքը բխում է ամերիկացիների շահերից:
Ամերիկացի ընտրողները երկու ամսից հնարավորություն կունենան որոշում կայացնել, թե արդյոք նախագահի քաղաքականությունը և տնտեսական ցուցանիշները բավարար են, որպեսզի նրան ևս չորս տարի պաշտոնավարելու հնարավորություն տան: