Մատչելի հղումներ

Բելառուսի ցույցերը ընթանում են երգ ու պարով. Ռուսաստանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին


Հակակառավարական ցույցերը Բելառուսում շարունակվում են երգ ու պարով՝ անտեսելով ձերբակալություններն ու ճնշումները:

Չնայած ցուցարարների դեմ անվտանգության կողմից ուղղված կոշտ արձագանքին՝ Բելառուսում բողոքողների շրջանակներն օր օրի լայնանում են: 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է աշխատանքից ազատել բոլոր այն ուսուցիչներին, ովքեր կմասնակցեն ցույցերին: Դրանից հետո, սակայն, ուսուցիչներն ավելի մեծ թվերով են դուրս եկել փողոց արդեն նաև իրենց պահանջներով:

Ընտրություններին Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, ով իր անվտանգության համար հարևան Լիտվա է տեղափոխվել, հերթական տեսաուղերձն է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության երկու մյուս առաջնորդների նկատմամբ հետապնդումներին: «Ահաբեկումը չի գործի»,-ասել է Տիխանովսկայան.

«Անցումային շրջանը հեշտացնելու համար ես նախաձեռնել եմ Ազգային համակարգման խորհուրդ, որը բաղկացած է բելառուսական քաղաքացիական հասարակության բոլոր շերտերից և քաղաքական բոլոր կողմերից: Ցավոք, իշխանությունները պատասխանեցին սպառնալիքներով և ահաբեկումներով խորհրդի անդամների դեմ, ներառյալ Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչի: Ահաբեկումը չի գործելու, մենք չենք հրաժարվելու: Մենք պահանջում ենք հարգել մեր հիմնական իրավունքները: Մենք պահանջում ենք բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել: Մենք պահանջում ենք դադարեցնել բռնությունները և ահաբեկումները իշխանությունների կողմից»:

Տիխանովսկայան Լիտվայում հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Բիգընի հետ:

Բիգընը նշել է, որ հանդիպման նպատակն էր լսել բելառուս ժողովրդի մտորումները և տեսնել, թե ինչ են անում ինքնորոշման իրավունքներ ստանալու համար:

Ռուսաստանից էլ արտգործ նախարար Սերգեյ Լավրովն է նախազգուշացրել ԱՄՆ-ին և ԵՄ-ին չմիջամտել Բելառուսի ընտրություններին:

«ԱՄՆ-ն և ԵՄ լիդերներն ուշադրություն են դարձրել այն շրջանակներին, որոնք Լիտվայում, Լեհաստանում փորձում են դժգոհություններ արտահայտել այն մասին, որ իրավիճակը Բելառուսում կայունանում է և փորձում են սադրել հանրությանը: Մենք դա ծայրահեղ վտանգավոր ենք համարում: Եվ կարող եմ ասել, որ պարոն Բիգընը երևի լսել է մեր շատ լուրջ նախազգուշացումները»:

Հավելենք, վերջին 10 օրվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Լուկաշենկոն երրոդ անգամ հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի իրավիճակի վերաբերյալ:

XS
SM
MD
LG