Մատչելի հղումներ

''Որեւէ կայծ կարող է վերածվել Հունաստանի ու Թուրքիայի միջեւ պատերազմի''. Հայկո Մաաս


Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Թուրքիային մեղադրում է ‘’նեո-օսմանյան’’ գաղափարախոսության մեջ: Դենդիասի խոսքերով, Հունաստանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու շահերն` ընդդեմ թուրքական սադրանքների:

Հարեւան երկու երկրներն արդեն մի քանի շաբաթ է հայտնվել են թշնամական դիրքերում եւ արդեն նույնքան ժամանակ միմյանց են ցուցադրում ռազմածովային իրենց կարողությունները: Երկու երկրներն էլ երեքշաբթի օրը ծովային զորավարժություններ են սկսել հունական Կրետե կղզու ու Կիպրոսի միջեւ ընկած ծովային տարածքում, որտեղ թուրքական ‘’Օրաք Ռիս’’ նավն անցկացնում է սեյսմիկ հետազոտություններ` թուրքական ռազմանավերի պաշտպանության ներքո:

Աթենքը պնդում է, որ հետազոտությունները թուրքերն անցկացնում են ջրային այն տարածքներում, որտեղ գազի կամ նավթի պաշարների վրա բացառիկ իրավունքներ ունի Հունաստանը:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ Աթենքում անցկացված հանդիպումից հետո Հունաստանի արտգործնախարարն ասել է, ‘’Այս պահին, երբ մենք այստեղ քննարկում ենք հարցը, Թուրքիան շարունակում է իր անօրինական գործողությունները եւ սադրիչ քայլերը’’:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մաասը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկու այս երկրներին դիմել լարվածությունը մեղմելու քայլերի, ու նախազգուշացրել, որ ‘’որեւէ կայծ կարող է դառնալ աղետի պատճառ’’:

Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածությունը լի է զինված հակամարտության վերածվելու հնարավորությամբ, երկրներ, որոնք 1970-ականներից ի վեր երեք անգամ են կանգնել պատերազմի պռնկին:

Մաասը Հունաստանից մեկնելու է Թուրքիա, հանդիպելու համար իր պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլիին: Այս շաբաթ ավելի ուշ հույն-թուրքական խնդիրը դառնալու է Եվրոպական միության արտգործանախարարների մակարդակով քննարկման առարկա:

Անկարան ‘’Նավտեքս’’ միջազգային ավտոմատացված ռադիոկայքին տեղեկացրել է օգոստոսի 27-ից գիտահետազոտական նավի կողմից այստեղ իրականացվելիք աշխատանքների մասին: Հունաստանը դրան պատասխանել է այստեղ եռօրյա ռազմական խաղեր անցկացնելու որոշման մասին: Թուրքիայի նախագահն էլ հանդես է եկել հետեւյալ խոսքերով. ‘’Հունաստանն է լինելու բացասական որեւէ զարգացման պատասխանատուն’’: Էրդողանը հայտարարել է. ‘’Հունաստանն ինքն իրեն գցում է մի քաոսի մեջ, որտեղից դուրս գալ չի կարողանալու’’:

Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունն այս վիճաբանության մեջ մեծապես պաշտպանում են Հունաստանի դիրքերը, սակայն Եվրամիության երկրները համաձայնության չեն գալիս Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սկսելու Հունաստանի կոչի շուրջ:

Հիշեցնենք, որ Թուրքիան ջրային այս տարածքում հայտնաբերել է 320 միլիարդ խորանարդ մետր գազ, որը Անկարան հույս ունի շահագործել 2023 թվականից:

Թուրքիայի ափերից ծովային 100 մղոն հեռավորության վրա գտնվող այս հատվածում ծովն ունի 2100 մետր խորություն: Գազի պաշարներն էլ գտնվում են եւս 1400 մետր խորության վրա:

Թուրքիան հույս ունի գազի այս հանքի շահագործման արդյունքում կրճատել Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից էներգակիրների ներկրումներն ու այս երկրներից կախվածությունը:

Այժմ Գերմանիայի արտգործանախարարին է հանձնարարված կողմերի միջեւ բանակցություններ կազմակերպելու առաջադրանքը:

XS
SM
MD
LG