Մատչելի հղումներ

Բանակը կանգնած է ընդդեմ ժողովրդի. Բելառուս


Բանակը կանգնած է ընդդեմ ժողովրդի. Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող տասնյակ հազարավոր ցուցարարներ կիրակի օրը դուրս էին եկել Մինսկի փողոցներ՝ անտեսելով զինված ուժերի նախազգուշացումները:

Պաշտպանության նախարար Վիկտոր Խորենին հայտարարել էր. «Մենք կտրականապես նախազգուշացնում ենք. ցանկացած վայրում խաղաղությունն ու կարգը խախտելու պարագայում դրանով կզբաղվի բանակը, ոչ թե ոստիկանությունը»:

Բողոքի նման մասշտաբների ցույցերը Լուկաշենկոյի ավելի քան 26 տարվա պաշտոնավարման ամենամեծ մարտահրավերն են: Բողոքող բազմությունը վստահ է՝ գործող նախագահը կեղծել է վերջին ընտրությունները:

Ընդդիմադիր գործիչներից Մարիա Կոլեսնիկովան, դիմելով ցուցարարներին, հայտարարել է. «Մեր դիմադրությունը մարաթոնի է վերածվել: Ռեժիմը չի կարող գործ ունենալ այս մարաթոնի հետ: Մենք բոլորս պետք է գրանցվենք, դուրս գանք, խոսենք, ոտքի կանգնենք, բողոքենք, չհամագործակցենք, բոյկոտենք, չհամաձայնվենք և այդպես շարունակ»:

Այնուհետև բազմությունը երթով շարժվել է դեպի նախագահի նստավայր՝ ճանապարհին հանդիպելով ՕՄՕՆ-ի արգելքներին:

Հիշեցնենք, Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցուցերը Բելառուսում չեն դադարում: Ոստիկանության և զինված ուժերի հետ այդ ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով երեք մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ անհետ կորած են:

Ընտրություններին գործող նախագահի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, ով ապաստան է գտել հարևան Լիտվայում, հայտարարել է, որ հետ չի կանգնելու նոր ընտրություններ անցկացնելու իր պահանջից անգամ Բելառուսի ավանդական դաշնակից Ռուսաստանի կողմից իրեն ուղղված կոշտ հայտարարությունից հետո:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրորվը Տիխանովսկայայի քաղաքական օրակարգը որակել է որպես ապակայունացնող և անպատժելիություն ու հակառուսական տրամադրություններ սերմանող:

Մինչ մայրաքաղաքում հազարավոր մարդիկ բողոքի էին դուրս եկել, Լուկաշենկոն իր անչափահաս որդու հետ ուղղաթիռով և հրազենով զինված ժամանել էր նախագահական պալատ: Նա վերևից դիտում էր ցույցը: Թեև դրանք զսպելու Լուկաշենկոյի բռնի ջանքերն արժանացել են միջազգային հանրության քննադատությանը, 26 տարի երկիրը կառավարած նախագահը դեռևս հեռանալու որևէ մտադրություն չի հայտնել:

XS
SM
MD
LG