Մատչելի հղումներ

Ալեքսեյ Նավալնիին բուժման նպատակով կտեղափոխեն Գերմանիա, թռիչքն առայժմ հետաձգված է


Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորջ Ալեքսեյ Նավալնիին ռուս բժիշկները թույլ են տվել տեղափոխել Գերմանիա բուժման նպատակով: Այնտեղից բժիշկների և սարքավորումների հատուկ օդանավ է ժամանել Ռուսաստան՝ Նավալնիի տեղափոխումն իրականացնելու համար:

Հիշեցնենք՝ նրան թունավորման կասկածանքով, ծանր վիճակում երեկ տեղափոխել են Օմսկի հիվանդանոց:

Օմսկի շտապօգնության բաժնի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոյի փոխանցմամբ՝ հիվանդանոցը կարող է օգնել Նավալնիին տեղափոխել օդանավակայան:

Նավալնիի կինը ուրբաթ օրը վաղ առավոտյան դիմել էր նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ թույլ տալու, որ ամուսնուն տեղափոխեն Գերմանիա բժշկական օգնություն ստանալու համար, բայց ռուս բժիշկներն ասում են, որ նրա վիճակը չափազանց անկայուն է հիվանդանոցից տեղափոխելու համար:

«Հարազատների կողմից հիվանդների տեղափոխումը թույլատրելու բազմաթիվ խնդրանքներից հետո էլ հասկանում ենք, որ, այնուամենայնիվ, կա որոշակի ռիսկ: Հարազատները, կինը, եղբայրը, ովքեր, ի տարբերություն ձեզ, ունեն բոլոր տվյալները հիվանդնի ախտորոշման և վիճակի մասին, պատրաստ են այդ ռիսկին գնալ: Եվ մենք որոշում ենք կայացրել, որ դեմ չենք հիվանդին մեկ այլ կլինիկա տեղափոխելուն: Դա տեղի է ունենալու այսօր»,-ասել է բժիշկ Կալինիչենկոն:

Կինը՝ Յուլյա Նավալնայան ավելի վաղ ասել էր՝ ամուսնուն իրենց չեն տալիս՝ շեշտելով, որ ակնհայտ է, իրենցից ինչ-որ բան են թաքցնում:

«Մենք պահանջում ենք Ալեքսեյին անհապաղ տեղափոխել այս հիվանդանոցից, որպեսզի կարողանանք նրան հասցնել այն բժիշկների մոտ, ում վստահում ենք»,-ասել է նա:

Մինչ տեղափոխման որոշումը հաստատելը Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ Ալեքսեյ Նավալնին արդեն երկու օր է կոմայի մեջ պառկած է, ասել էր՝ Կրեմլի քննադատի մոտ նյութափոխանակության խանգարում է , որն առաջացել է արյան մեջ շաքարի մակարդակի անկման և ճնշման արագ փոփոխության պատճառով:

Ռուս բժիշկների վստահեցմամբ՝ 44-ամյա ընդդիմադրի գործչի արյան մեջ թույներ չեն հայտնաբերվել: Վերջինիս միտումնավոր թունավորելու շուրջ կասկածներ են հայտնել հարազատները:

Ռուսաստանի ընդդիմադիր գործչի հետ կատարվածը միջազգային հանրության ուշադրության կետրոնում է: Այս դեպքը «շատ մտահոգիչ է», և նա պետք է ստանա անհրաժեշտ բոլոր բուժօգնությունը, հայտարարել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակից: Խոսնակ Լիզ Թրոսելը Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Նավալնին հնարավորություն չունի իր անձնական բժշկի հետ կապվելու. «Այն, ինչ կատարվել է Նավալնիի հետ, շատ անհանգստացնող է: Կարևոր է, որ նա ստանա համապատասխան բուժօգնություն, որն անհրաժեշտ է վերականգնվելու համար»:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով առողջապահության նախարարությանը՝ հայտնել է, որ Նավալնիին տեղափոխող օդանավի մեկնումը Օմսկից Գերմանիա հետաձգվել է մինչև շաբաթ առավոտ: Ըստ ռուսական աղբյուրների՝ թռիչքը հետաձգվել է գերմանական կողմի պահանջով:

XS
SM
MD
LG