Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության առցանց համագումարի նորույթները


Առաջին անգամը լինելով, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն այս տարի իր համագումարն անցկացնում է առցանց, որի գլխավոր նպատակը նախագահի ու փոխնախագահի թեկնածուներին պաշտոնապես հաստատելն է: Երկուժամանոց հեռատեսիլային համագումարի ժամանակ ցուցադրվում են տեսագրություններ, որոնց հեղինակները, եթե չլիներ համաճարակը, պիտի հանդես գային համագումարների դահլիճից:

Ինչպես շատերն են ասում, նվազ տպավորիչ չէ համագումարի առցանց տարբերակը: Միեւնույն է, համագումարի դահլիճում երբեք էլ ամբողջ Ամերիկան ներկա չի եղել եւ դրանք մարդիկ դիտել են հեռուստատեսությամբ: Սակայն առցանց ձեւաչափն ունի հենց ինտերնետային կտրվածք ու կազմակերպված է հենց այդ եղանակով, ասում են նրանք:

Դեմոկրատներն իրենց ինտերնետային էջում հատկացրել են պատուհան, որպեսզի օգտատերերն ունենան այդ էջում իրենց տեսագրությունները տեղադրելու հնարավորություն:

Վերլուծաբան Լարա Բրաունի խոսքերով, վիրտուալ համագումարի առավելություններից մեկն էլ այն է, որ այն տալիս է կուսակցական պատկանելությունից անկախ, բոլորին այս հարթակ հրավիրելու հնարավորություն:

Նախորդ համագումարներից առցանց տարբերակը տարբերվում է նաեւ ելույթների հակիրճ լինելու հանգամանքով: Նույնիսկ նախկին նախագահ Բիլ Քլինթընը, որը հայտնի է եղել իր երկարաշունչ ճառերով, ուներ միայն հինգ րոպե ժամանակ:

Համագումարներում նահանգների անվանական քվեարկության ժամանակ պատվիրակության ղեկավարը բարձրաձայն հայտարարում է թեկնածուի անունը: Համաճարակի պայմաններում, վիրտուալ համագումարի ժամանակ իրականացվում է վիրտուալ ճամփորդություն երկրի տարածքում, երբ պատվիրակությունները իրենց քվեն տալիս են իրենց տեղանքներից:

Ըստ հաշվարկների, առցանց համագումարի առաջին օրը դիտել է մոտ 19 միլիոն օգտատեր: Այն 2016 թվականի համագումարի համեմատ պակաս է 27%-ով: Սակայն դեմոկրատներն ասում են, թե մոտ տասը միլիոն մարդ էլ դիտել են ինտերնետային այլ հարթակներով:

XS
SM
MD
LG