Մատչելի հղումներ

Ռուսաստանը գովերգում է իր պատվաստանյութը, աշխարհը` հորդորում մտածել անվտանգության մասին


‘’Ես կասկածում եմ, որ Ռուսաստանն ունի իր ստեղծած պատվաստանյութի արդյունավետ ու ապահով լինելու մասին ապացույցներ’’: Այս մասին է ասել ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին, ու ավելացրել, որ պատվաստանյութ ունենալը մեկ բան է, դրա անվտանգ լինելու հանգամանքը` մեկ այլ: ‘’Սակայն ես չեմ լսել որեւէ ապացուցող փաստարկ այն մասին, որ ռուսական պատվաստանյութը չունի կողմնային վտանգավոր հետեւանքներ’’, ասել է նա ու շեշտել, թե ինքը կասկածում է, որ ռուսները ստուգել են դրա անվտանգ լինելու հանգամանքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ օրն էր հայտարարել, թե իր երկիրն աշխարհում առաջինն է, որը երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում փորձարկումներ իրականացնելուց հետո, գրանցել է կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը: Մի բան, որը Մոսկվան համարում է գիտական թռիչքի վկայություն:

Աշխարհի գիտնականներն ասում են սակայն, թե այս պատվաստանյութը դեռեւս ունի փորձարկումների վերջին փուլն անցնելու կարիք: Ինչպես Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի ու ԱՄՆ-ի գիտնականներն են հայտարարում, հարկավոր է լինել շատ զգույշ:

Նրանց պարզապես չափազանց կասկածելի է թվում պատվաստանյութի կիրառումն արտոնելու նման արագությունը: Աշխարհի գիտնականներից շատերն են ապշում, որ առանց վերջնական փուլն իրականացնելու, Ռուսաստանը պատրաստվում է սկսել զանգվածային արտադրություն:

Ռուսաստանում այս պատվաստանյութը գրանցելու հանգամանքը թույլ է տալիս հոկտեմբեր ամսից սկսել մարդկանց զանգվածային պատվաստումներ այստեղ:

Ռուսաստանի Ինքնիշխան հարստության հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրիեւը ողջունում է պատվաստանյութը գրանցելու հանգամանքը ու այն անվանում ‘’Սպուտնիկի պահ’’, այն համեմատելով Խորհրդային Միության կողմից 1957 թվականին աշխարհի առաջին արհեստական արբանյակը` ‘’Սպուտնիկ’’-ը տիեզերք արձակելու պահի հետ: ‘’Սպուտնիկ’’ արհեստական արբանյակը տիեզերքում առաջ անցավ աշխարհից ու մասնավորապես ԱՄՆ-ից, ‘’Սպուտնիկ’’ անվանումը կրող պատվաստանյութն էլ կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում է անցնում առաջ բոլորից: Այսպես են արտահայտվում ռուս պաշտոնատար անձինք:

Սակայն փորձագետները հիշեցնում են ռուսներին, որ կլինիկական փորձարկումների միայն 10 տոկոսն է եղել հաջողված: Եվ մինչեւ փորձարկումների երրորդ փուլը սկսելը պատվաստանյութին արագ արտոնագիր տալու հանգամանքը նրանց թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան իր հեղինակությունն է ուզում բարձրացնել` մարդկանց առողջությունը վտանգի տակ դնելու եղանակով:

Անտեսելով աշխարհի գիտնականների հորդորները` Պուտինը գովաբանում է Մոսկվայի Գամալեյայի հաստատության կողմից ստեղծված պատվաստանյութը ու հայտարարում, որ այդ պատվաստանյութով պատվաստում է անցել նաեւ իր դուստրը:

Իսկ ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տեղեկացնում, ռուսական պատվաստանյութի վերաբերյալ այն չի ստացել բավարար տեղեկատվություն, որպեսզի կարողանար տալ իր գնահատականը: Այս պահին ԱՀԿ-ը կապի մեջ է Ռուսաստանի արտոնագրային վարչության հետ եւ սպասում է հավելյալ տեղեկությունների, ու նորից շեշտում, որ…

‘’Որեւէ պատվաստանյութ գրանցելու համար գոյություն ունեն կարեւոր կանոններ: Կանոններ`դրա արդյունավետության եւ մարդկանց համար անվտանգ լինելու հանգամանքն ապացուցող փաստերի մասին’’:

XS
SM
MD
LG