Շաբաթ օրն ԱՄՆ-ի նախագահ Թրամփը ստորագրել է գործադիր կարգադրություն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից զրկված միլիոնավոր ամերիկացիներին օգնություն տրամադրելու շուրջ:
Նախքան օգոստոսի մեկը գործազուրկ քաղաքացիները շաբաթական $600-ի օգնություն էին ստանում, սակայն օգնության նոր փաթեթի շուրջ դեմոկրատների և հանրապետականների անհամաձայնությանհետևանքով նախագահ Թրամփն ինքը սահմանեց տրամադրվող օգնության նոր չափը, որը կազմում է շաբաթական $400:
"Սա է այն գումարը, որի կարիքը նրանք ունեն, սա է այն գումարը, որը նրանք ուզում են, սա նրանց քաջալերում է վերադառնալ աշխատանքի",- ասել է նախագահը օգնության գումարի կրճատման մասին խոսելիս, Նյու Ջերսիում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Նա հայտնել է, որ օգնության 25%-ը կտրամադրեն նահանգներն իրենց բյուջեից: Նախագահը ցանկանում է $44 միլիարդի օգնություն տրամադրել նահանգներին, որոնք էլ իրենց հերթին կարող են մեծացնել գործազուրկ քաղաքացիներին տրվող օգնությունը, ըստ իրենց հայեցողության: Խրախուսման նախորդ փաթեթը ամբողջությամբ ֆինանսավորվել է Վաշինգտոնի կողմից:
Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն նաև կկիրառվեն հարկերի որոշ կրճատումներ, կկասեցվեն վարձավճարի ուշացման հետևանքով վտարման գործողությունները և կզրոյացվի ուսանողական պետական վարկերի տոկոսադրույքը:
Դեմոկրատների կողմից նախագահի հրամանագիրն անշուշտ քննադատության է արժանացել, որն իրենց կողմից առաջարկած օգնության փաթեթին զիջում է մոտ $2 տրիլիոնով: