Նյույորքցիների մի մասը կորոնավիրուսի պայմաններում ունեցավ Դեմոկրատական կուսակցության ընտրություններին անձամբ մասնակցելու համարձակություն: Սակայն նրանց մի մասը քվեարկեց փոստային եղանակով: Բայց ահա վեց շաբաթ անց ընտրությունների արդյունքը որոշ ընտրատեղամասերից դեռեւս չի հրապարակվել:
Եվ նախագահ Թրամփն էլ շարունակ նախազգուշացնում է, որ եթե նախագահական եկող ընտրություններում նահանգներն անցկացնեն փոստային քվեարկություն, կկանգնեն նույն իրավիճակի առջեւ:
‘’Հնարավոր է, որ ամիսներով ու նույնիսկ տարիներով սպասենք ընտրությունների արդյունքին’’, ասում է նա:
ԱՄՆ-ում ընտրակեղծիքները ծայրահեղ հազվադեպ երեւույթ են, եթե նույնիսկ անցկացվում է փոստային քվեարկություն: Սակայն փոստային քվեարկությունն, այո, հատկապես համաճարակի պայմաններում, կարող է դառնալ ընտրությունների արդյուքն ուշ հրապարակելու պատճառ:
Արդյունքների ուշ հրապարակում գրանցվել է նաեւ 2000 թվականին Ջորջ Բուշ-Ալ Գոռ մրցապայքարից հետո, երբ Ֆլորիդայում վերահաշվարկը պահանջեց մեկ ամիս: Այս տարի հնարավոր են ավելի մեծ խոչընդոտներ ու խնդիրներ: Վերլուծաբան Մեթյու Ուեյլի խոսքերով, ‘’այսօր հասարակությունն այնքան է բեւեռացված, որ յուրաքանչյուր բողոքից հետո կարող են առաջ գալ վերահաշվարկ անելու պայքար: Եվ դա կարող է սկսվել ոչ թե մեկ, այլ մի շարք նահանգներում’’, ասում է նա:
Մեկ այլ վերլուծաբան Ռիչարդ Հեյսընի խոսքերով էլ, ‘’Եթե Թրամփի մեծ թվով աջակիցներ քվեարկեն ընտրատեղամասերում եւ այդ գիշերը նա հավաքած ձայներով գերազանցի Բայդընին, կարող է հայտարարել նորից, որ փոստային ընտրություններում տեղի են ունեցել խախտումներ եւ որ ինքը հաղթել է ընտրություններում’’:
Հարցումների համաձայն, ամերիկացիների մեծ մասը ցանկանում է ընտրություններին մասնակցել փոստային եղանակով:
Բայց, անկախ ընտրությունների արդյունքից, այս պայմաններում փոքր է հավանականությունը, որ պարտվող կողմը հեշտությամբ կընդունի մյուսի հաղթանակը: