Մատչելի հղումներ

Ռուսական կայքերն օգտագործվում են ընդդեմ ԱՄՆ-ի ապատեղեկատվություն տարածելու համար


Ռուսաստանի հետախուզական ծառայությունները անգլերեն լեզվով երեք կայքէջեր են օգտագործում կորոնավիրուսի համաճարակի մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Նպատակը համաճարակը Ամերիկայի նոյեմբերյան նախագահական ընտրություններից առաջ շահարկելն է:

Այս գործին են լծվել Մոսկվայի ռազմական հետախուզության նախկին երկու աշխատակիցներ: Այս մասին են ասում ԱՄՆ-ի կառավարության պաշտոնատար անձինք, ովքեր նախազգուշացնում են, որ նման նոր կայքեր կարող են ապագայում եւս հայտնվել:

Մայիսի կեսերից մինչեւ հուլիսի սկիզբը, ըստ նշված պաշտոնատար անձանց, այս կայքերը հրատարակել են մոտ 150 հոդված, որոնք ունեցել են կամ Ռուսաստանի դերը բարձրացնելու, կամ ԱՄՆ-ին նսեմացնելու նպատակ:

Ռուսական կայքէջերի մասին այս բացահայտումը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգները փորձում է կանխել նոյեմբերյան նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, խուսափելու համար 2016 թվականի իրադարձությունների կրկնությունից: Հիշեցնենք, որ 2016-ի ընտրություններից առաջ Ռուսաստանը հիմնել էր սոցիալական լրատվամիջոցների մի ցանց, որի նպատակն էր զարկ տալ Դոնալդ Թրամփի ընտրարշավին:

ԱՄՆ-ի կառավարության հետախուզության ծառայության ղեկավարն ուրբաթ օրն էր ասել, որ Ռուսաստանն այսօր էլ շարունակում է ինտերնետային կեղծարարությունները: Քաղաքականությունից զատ, համաճարակը եւ ռասայական հենքի վրա սկսված անհանգստությունները պարարտ հող են ռուսների առջեւ, կեղծիքներ հորինելով, իրենց արշավն առաջ տանելու համար: 2016 թվականի օրինակով, երբ ռուսներն ուժեղ քարոզարշավ էին տանում այս ցանցերում ընդդեմ Հիլարի Քլինթընի, այսօր նույն արշավն են տանում ընդդեմ Ջո Բայդընի:

ԱՄՆ-ի հետախուզությունն առանձնացնում է ռուսական InfoRos գործակալությունը, որն ունի մի քանի, այդ թվում InfoRos.ru, Infobrics.org եւ OneWorld.press կայքէջերը, որոնք համաճարակն օգտագործում են առաջ բերելու համար հակաարեւմտյան տրամադրություններ:

Բրյուսելից գործող Եվրոպական միության ‘’Դիսինֆոլեբ’’ կազմակերպությունն անցյալ ամիս հրապարակել էր InfoRos եւ One World կայքերի ու Ռուսաստանի ռազմական հետախուզության միջեւ առկա կապերի մասին մի զեկույց: Հայտնաբերվել են նաեւ InfoRos-ի եւ Ռուսաստանի կառավարության միջեւ ֆինանսական կապերի մասին փաստեր:

XS
SM
MD
LG