Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում շաբաթ օրը շարունակվել են բողոքի ցույցերն ընդդեմ նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալման փաստի: Տեղի բնակչությանը զայրացրել է նաեւ այն փաստը, որ Ֆուրգալի փոխարեն այս պաշտոնին է հաստատվել Կրեմլի կողմից նշանակած մեկը, որն այս շրջանում երբեք մինչ այդ չի ապրել:
Ցուցարարները չարտոնված ցույցի ժամանակ կրել են ‘’Մեզ վերադարձրեք Սերգեյ Ֆուրգալին` ժողովրդի կառավարչին’’ կոչերով պաստառներ: Չինաստանին սահմանակից, Մոսկվայից 6100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հեռավորարեւելյան այս քաղաքից լրագրողները հաղորդում են, որ շաբաթ օրվա ցույցն այս ամսվա ընթացքում այստեղ կազմակերպված ցույցերից ամենամարդաշատն է եղել:
Ֆուրգալին ձերբակալել էին հուլիսի սկզբին` 2004 եւ 2005 թվականներին բազմակի սպանությունների հետ առնչություն ունենալու մեղադրանքով:
Լիբերալ ժողովրդավարական կուսակցության անդամ հանդիսացող Ֆուրգալը հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքները: Ցուցարարներն էլ համոզված են, որ նրա դեմ հարուցված մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ:
Ֆուրգալն այս պաշտոնին է ընտրվել 2018 թվականին: Նրա անսպասելի հաղթանակն դիտարկվել է որպես մարտահրավեր` ընդդեմ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության եւ` ընդդեմ կառավարող Միացյալ Ռուսաստան կուսակցության: