Ամերիկյան US.News and World Report պարբերականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածութանն ու բախումներին, հիշեցնում է, որ չնայած 1994 թվականին կնքված հրադադարին, Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են մեղադրել մեկը մյուսին` Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում շարունակվող հրազենային կրակոցների մեջ: ‘’Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է միջազգային համայնքին մասնավորապես նրա համար, որ այն սպառնում է այն տարածաշրջանի կայունությանը, որը որպես միջանցք է գործում դեպի միջազգային շուկաներ նավթի ու գազի արտահանման համար:
Բրիտանական ԲիԲիՍի կայանը նույնպես հաղորդում է վերջին տվյալները սահմանին զարգացող իրադարձությունների մասին, ընթերցողներին հիշեցնում Հայաստանի ու Ադրեբեջանի միջեւ հակամարտության պատմությունը սկսած 1990-ականներից: Լրատվամիջոցի հոդվածը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն գտնվում է հայերի վերահսկողության ներքո:
ԲիԲիՍի-ն, օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարածված տեղեկությունները, գրում է, թե ադրբեջանական կողմը ոչնչացրել է հայկական մի դիրք ու հրետանի ու ‘’մահացու հարված հասցրել հայ հարյուրավոր զինվորականների’’: Կայանը սակայն մեջբերում է նաեւ հայկական կողմից այդ պահի դրությամբ ստացված տեղեկություններն այն մասին, որ հայկական կողմում զոհեր չկան, կա մի քանի վիրավոր:
‘’Ադրբեջանի կողմից սպանվել են գեներալ մայոր Փոլադ Հաշիմովը եւ գնդապետ Իլգար Միրզաեվը: Հայկական կողմից զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը եւ կապիտակ Սոս Էլբակյանը:
Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է Հայաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որի համաձայն, հայկական կողմում զոհերի թիվը հասել է 4-ի, որոնց թվում են մեկ մայոր եւ մեկ կապիտան:
Լրատվական գործակալությունը գրում է, թե ադրբեջականան մի անօդաչու թռչող սարք ‘’հարվածել է քաղաքացիական ենթակառույցներին Բերդ գյուղում’’: Նախորդ օրը, գրում է գործակալությունը, հարվածի տակ էին առնվել հայկական Չինարին ու Այգեպարը: Նույն հոդվածով գործակալությունը տեղեկացնում է իր ընթերցողներին, որ 2016 թվականի ‘’Ապրիլյան պատերազմից’’ ի վեր կողմերիմմիջեւ սա ամենաարյունալի բախումն է:
Այն նաեւ տեղեկություններ է փոխանցում միջազգային կառույցների կողմից հրապարակված հայտարարությունների մասին, որոնց շարքում են Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, Եվրոպական միությունը, Մինսկի խումբը:
Ինչպես Jerusalem Post-ն է գրում, Ադրբեջանի նախագահ Ալիեւը մեղադրում է Հայաստանի իշխանություններին ‘’սադրանքի’’ մեջ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը` հայտարարում, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրելու ‘’տարածաշրջանային անկայունության աննախադեպ հետեւանքների համար’’:
‘’Վաշինգտոն թայմս’’ օրաթերթն իր հոդվածը սկսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով համակիր, Ռուսաստանի Մերձակա Արեւելքի հարցերով հաստատության ղեկավար Եվգենի Սատանովսկիի այն հայտարարությամբ, որով վերջինս հանդես էր եկել հունիսի կեսերին: Նա ասել էր. ‘’Որքան հասկանում եմ, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռազմական եւ քաղաքական տեսանկյունից կարելի է համարել փակված’’: Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում նա ասել էր, թե ‘’Ադրբեջանը կարող է մսաղացի մեջ նետել այնքան թվով մարդկանց, որքան կամենա, կարող է ծախսել այնքան ժամանակ ու փող, որքան կամենա, սակայն այս ամենը չի լինի խելամտության արդյունք: Ադրբեջանն այդ քայլին կարող է գնալ միայն դեպքում, եթե ուզում է, որ պարերազմը տեղափոխվի դեպի իր տարածքներ’’:
Ըստ ‘’Վաշինգտոն թայմս’’-ի, սա Կրեմլին մոտ կանգնած գործիչների տեսակետ է ու արտահայտում է միջազգային օրենքներն անտեսելու Ռուսաստանի համառ դիրքերը: ‘’Հարկավոր է Մոսկվային տեղեկացնել, որ Արեւմուտքը տեղյակ է, որ Հայաստանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները չէին կարող սկսվել առանց նրանց առնվազն գաղտնի համաձայնության’’: Այսպիսի կարծիք է հայտնում վերլուծական կենտրոնի` Մերձակա Արեւելքի քաղաքականության հարցերով հաստատության վերլուծաբան Ալեքսանդր Մուրինսոնը ‘’Վաշինգտոն թայմս’’ օրաթերթում:
Ըստ EurasiaNet-ի, արդեն երեք օր է, որ բախումները շարունակվում են, սակայն դեռեւս պարզ չէ, թե որ կողմն է արձակել առաջին կրակը: ‘’Սահմանը հիմնականում չի ենթարկվում մոնիտորինգի, ինչի արդյունքում չկան տեղեկությունները հաստատող անկախ աղբյուրներ’’, գրված է հոդվածում, որտեղ ասված է նաեւ, թե ‘’երբ խախտվում է հրադադարը, կասկածը սովորաբար ընկնում է Ադրբեջանի վրա, քանի որ հայերը շահագրգռված չեն ստատուս քվոն խախտելու հարցում, քանի որ նրա ուժերը վերահսկում են հակամարտության գլխավոր առիթ դարձած Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ շրջակա մի քանի շրջաններ, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես ադրբեջանական տարածքներ’’:
Ինչպես լրատվական այս գործակալությանն է ասել Հարավայի Կալիֆորնիայի հայկական հարցերով հաստատության վերլուծաբան Էմիլ Սանամյանը, նոր բախումների պատճառը կարող է լինել հայկական ուժերի կողմից վերջերս հաստատված դիրքերը: ‘’Սա հայկական կողմին կարող էր տալ մարտավարական առավելություն այն հատվածում, որը ադրբեջանական ուժերը փորձում են ոչնչացնել’’, ասել է Սանամյանը:
Ըստ նույն լրատվամիջոցի, մեկ այլ վերլուծաբան, ղարաբաղյան հակամարտությունն արդեն երկար տարիներ ուսումնասիրոող Լորենս Բրոերն ասել է, թե ընդհակառակը, ‘’Ադրբեջանն ունի միջազգային սահմանները, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագիրը փորձելու դրդապատճառներ’’: