Աշխարհով մեկ հարյուրավոր լաբորատորիաներ փորձում են պատվաստանյութ ստեղծել COVID-19-ի դեմ: Եվրոպական մի շարք երկրներ ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ են ներդնում այս հետազոտություններում: Այս ամենի արդյունքում մտահոգություն է ստեղծվում, որ երբ վերջապես ստեղծվի պատվաստանյութը, ապա հզոր երկրներն այն կարող են ամբողջությամբ գնել՝ աղքատ երկրներին զրկելով այն ձեռք բերելու հնարավորությունից:
Եվրահանձնաժողովը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրենց հերթին նկատել են պատվաստանյութի ձեռք բերման հարցում անառողջ մրցակցության հանգամանքը, քանի որ շատ երկրներ այն տեսնում են որպես իրենց քաղաքացիների կյանքերը և կործանվող տնտեսությունը փրկելու միջոց:
ՁԻԱՀ-ի միջազգային հասարակության կողմից COVID-19-ի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ "Microsoft" ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն ասել է,- "Եթե թույլ տանք, որ դեղամիջոցներն ու պատվաստանյութը հասնեն դրա դիմաց ամենաբարձր գինը վճարողին, այլ ոչ թե այն երկրներին որոնք դրա կարիքն առավել շատ ունեն, ապա համաճարակը կլինի ավելի երկար, անարդար և մահացու":
Միլիարդատեր բարերարը նաև հավելել է, որ անհրաժեշտ է դեղամիջոցը արդարացիորեն բաշխել երկրների միջև, այլ ոչ թե առաջնորդվել շուկայի վրա հիմնված գործոններով: