Կորոնավիրուսի ԱՄՆ-ի նոր էպիկենտրոնները դարձած Ֆլորիդա և Թեքսաս նահանգները շաբաթ օրը գրանցել են մեկ օրում COVID-19-ով վարակվածների ռեկորդային ցուցանիշ՝ հասնելով մոտ 20,000-ի:
Հուլիսի առաջին չորս օրերի ընթացքում 14 նահանգներ գրանցել են COVID-19-ով վարակվածների ռեկորդային ցուցանիշներ, վիրուսն արդեն մոտ 130,000 ամերիկացու կյանք է խլել:
Վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվում հատկապես ԱՄՆ-ի հարավ-արևմտյան նահանգներում, որոնք ավելի ուշ սկսեցին կիրառել սոցիալական հեռավորություն և սկսեցին ավելի վաղ վերաբացվել: Ու թեև ԱՄՆ-ում հրավառությունների և շքերթների մեծ մասը չեղյալ էր հայտարարվել և հանրությանը խորհուրդ էր տրվել խուսափել ամբոխներից, կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն, այնուամենայնիվ ոչ բոլորն են հետևել կանոններին: