Մատչելի հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ


Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, 20 հունիսի, 2019 թ., Վաշինգտոն, ԱՄՆ
Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, 20 հունիսի, 2019 թ., Վաշինգտոն, ԱՄՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 29-30-ն առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել տեսակապով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով տարածաշրջանում հանրային առողջապահության հետ կապված իրադրությունը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ կարգավորման գործընթացի հաջորդ քայլերը: Քննարկումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի պահպանման և առաջխաղացման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման գործող ուղիղ խողովակները՝ լարվածությունից խուսափելու համար: Վերահաստատելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները մտահոգությամբ նկատել են, որ վերջերս հնչող սադրիչ հայտարարությունները, հրահրող հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը:

Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը չունի ռազմական որևէ լուծում: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահները նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիթորինգային գործողությունների վերսկսման հրատապությունը, երբ պայմանները դա թույլ տան:

Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և հանդիպել անձամբ, երբ դա հնարավոր լինի իրականացնել:

Facebook Forum

XS
SM
MD
LG