Մատչելի հղումներ

Թեքսասում և այլ նահանգներում փակվել են բարերը կորոնավիրուսի նոր ալիքի հետևանքով


ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են նահանգում կորոնավիրուսի դեպքերի աճի մասին

Թեքսաս նահանգը վերաբացման գործընթացի առաջատարներից էր: Այժմ նահանգապետ Գրեգ Աբոթը կարգադրել է փակել նահանգում գործող բարերը և սահմանափակել ռեստորանների ներսում նստելու տեղերը՝ ընդունելով, որ դրանք վերաբացելու որոշումը վաղաժամ էր: Նահանգային իշխանությունները պահպանել են որոշ սահմանափակումներ հավաքների վերաբերյալ և ժամանակավորապես կանգնեցրել վերաբացման գործընթացը: Այսօր նահանգում ամեն օր գրանցվում է մոտ 5000 վարակման դեպք:

Առողջապահության ոլորտի մասնագետ Փիթեր Հոթիզի խոսքերով այս պահին իրավիճակը բավականին ծանր է Հյուսթոնում, ուր դեպքերի թիվը մինչև հուլիսի կեսերը կարող է հասնել օրական 4000-ի:

Համավարակի այս նոր ալիքը հատկապես խնդրահարույց է հարավային ու արևմտյան նահանգներում, որոնք չեն հետևել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ցուցումներին՝ կապված նահանգի վերաբացման հետ:

Կալիֆոռնիա նահանգը ևս կարգադրել է փակել մի շարք բարեր կիրակի օրը՝ հետևելով Թեքսասի ու Ֆլորիդայի օրինակներին: Արիզոնա և Ջորջիա նահանգներն իրենց հերթին ևս գրանցում են հիվանդների բարձր թվաքանակ վերջին շաբաթների ընթացքում:

Փիթեր Հոթեզը ընդգծում է տեղի մշակույթի առանձնահատկության կարևորությունը սոցիալական հեռավորության և այլ սահմանափակումների հարցում: Բացի այդ, ըստ նրա, Թեքսասում գործում են ծայրահեղ աջակողմյան խմբեր, որոնք չափազանց ակտիվորեն քարոզում են սոցիալական ցանցերում ընդդեմ գիտական մոտեցման և սոցիալական հեռավորության պահպանման: Արդյունքում, ըստ Հոթեզի , այդ քարոզչությունը զգալիորեն վնասում է թեքսասցիների առողջությանն ու անվտանգությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG