Մատչելի հղումներ

Թեքսասն արագ մեղմեց սահմանափակումները եւ արագ կանգնեց ճգնաժամի առջեւ


ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցները կորոնավիրուսի պատճառով մի քանի շաբաթից կարող են կանգնել ճգնաժամի առջեւ, երբ կզգան հիվանդասենյակների ու մահճակալների կտրուկ պակաս:

Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթն ուրբան օրն էր հրահանգել նորից փակել բարերն ու կրճատել ռեստորանների ծառայությունները: Թեքսասը, որը սահմանափակումները մեղմելու գործում առաջ էր անցել մյուս նահանգներից, գրանցել է կորոնավիրուսի տարածման արագության աննախադեպ աճ: Միայն մեկ օրում այստեղ հայտնաբերվել է ավելի քան 6000 նոր դեպք: Անցած 13 օրերին նահանգը շարունակում է ամեն օր գրանցել հիվանդանոցներ տեղափոխվող անձանց թվերի ռեկորդային ցուցանիշներ:

Հյուսթոնի առողջապահության բաժանմունքի պաշտոնատար անձանց խոսքերով ներկա իրավիճակը դեռեւս կառավարելի է, սակայն մտահոգությունը երկու-երեք շաբաթից հետո եկող ժամանակն է: Ինչպես նրանք են ասում, եթե հասարակությունը չփոխի իր վարքագիծը, հիվանդանոցներում տեղեր այլեւս չեն մնա:

‘’Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկատարեն մարդիկ նահանգային կառավարության ու առողջապահության բաժանմունքի հրահանգներն ու ինչպես կենթարկվեն այդ կոչերին: Եթե մարդիկ կանոնավոր կերպով կրեն դիմակներ ու պահպանեն սոցիալական հեռավորություն, կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը’’, ասում են առողջապահության պաշտոնատար անձինք: Նրանք ասում են նաեւ, որ ‘’եթե մարդիկ շարունակեն մտածել, որ այս ամենը սուտ է, եթե շարունակեն ենթադրել, որ այս ամենը քաղաքական խաղեր են ու շարունակեն անտեսել մասնագետների խորհուրդներն ու հորդորները, կկանգնենք մինչ այժմ չտեսնված ցավի առջեւ’’:

Իրադրությունն ավելի լավ պատկերացնելու համար ներկայացվում են Հյուսթոնում, Դալլասում, Օսթինում եւ Սան Անտոնիոյում վիրահատությունների մեծ մասը հետաձգելու մասին փաստեր, որոնց նպատակը կորոնավիրուսով հիվանդ անձանց հիվանդանոցներում տեղավորելն է:

XS
SM
MD
LG