Մատչելի հղումներ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում 1.5 միլիոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրին


ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր ելույթում կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին 1,5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգման ծրագրին

Կոնգրեսականը իր խոսքն ուղղել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում է 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:

Կոնգրեսական Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր իրենց աջակցույունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը դեռևս 2019 թվականի գարնանը որոշել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը, որը իրականացնում է HALO Trust բրիտանական կազմակերպությունը՝ պատճառաբանելով, որ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ընդգծվել է, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ոլորտներ, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:

Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալությունն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծոմ են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը:

Facebook Forum

XS
SM
MD
LG