Մատչելի հղումներ

Կա վիրուս, որի դեմ չկա ո՛չ բուժող դեղամիջոց, ո՛չ էլ` պատվաստանյութ.Կա վիրուսը քնած պահելու եղանակ


Ուղիղ 25 տարի առաջ ԱՄՆ-ում սկսվեցին այն դեղի փորձարկումները, որն ի վերջո ապացուցեց, որ արդյունավետ միջոց է ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի:

Քեւին Լի Թեյլորը քսաներկու տարեկան էր, երբ բուժքույրերից մեկը նրան ասաց, որ նրա մոտ հայտնաբերել են ՁԻԱՀ`իմունաքաղց: Իսկ Քեւինն այն ժամանակ չգիտեր անգամ, թե դա ինչ էր նշանակում: Դա այն ժամանակ նշանակում էր, որ բժիշկը պետք է քիչ ուշ մտներ հիվանդասենյակ ու խորհուրդ տար նրան կարգավորել կիսատ թողած գործերը, քանի որ բուժում այդ վիրուսի դեմ չկար: ‘’Մենք ոչինչ անել չենք կարող’’, ասաց բժիշկը նրան:

Դա 1985 թվականն էր, երբ ՁԻԱՀ-ի արդյունքում մեծ տարածում գտավ ՄԻԱՎ հիվանդությունը: Սկսվեց մի ժամանակաշրջան, երբ վարակված անձինք ամոթից թաքցնում էին հիվանդությունը: Նույնիսկ բողոքի ալիք բարձրացավ Ինդիանայում, երբ պարզ դարձավ, որ ինը տարեկան մի տղա վարակված էր այդ հարուցիչով:

Դրանից խուսափելու համար Թեյլորը որեւէ մեկին ոչինչ չասաց ու առանց որեւէ ախտանիշի ապրեց մի քանի տարի: Սակայն ի վերջո նրան տեղափոխեցին հիվանդանոց, երբ իմունային համակարգը նրա մոտ լիովին վերացավ:

Բուժման արդյունավետ միջոցներ չկային ու մինչեւ 1995 թվականը միայն ԱՄՆ-ում այդ հիվանդությունից մահացել էր ավելի քան 300 հազար մարդ: Համասեռականները, որոնց շրջանում էր ամենից շատը տարածված այս վարակը, իրենց զգացին անտեսված ու լքված:

ACT UP խմբի հիմնադիր Լարրի Քրեյմերը, մինչեւ մահանալն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում իր ցավն էր արտահայտում այս կապակցությամբ: Եվ ‘’Լռությունը հավասար է մահվան’’ նրա խմբի նշանաբանը հասավ ԱՄՆ-ի սննդի ու դեղամիջոցների վարչություն: Եվ կառավարությունը շուտով սկսեց ֆինանսավորել ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց կյանքը երկարաձգելու համար սկսված հետազոտությունները:

1995 թվականի հունիս ամսին Դեղորայքի վարչությունը թույլատրեց սաքվինավիրի ուսումնասիրություն անցկացնել, եւ դեկտեմբերին այն հայտարարվեց որպես այս հիվանդության դեմ արդյունավետ միջոց:

Ինչպես ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների հաստատության ղեկավար Էնթոնի Ֆաուչին է ասում, մի քանի դեղերի համադրությունը միանգամից փոխեց ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց կյանքը ու փրկեց միլիոնավոր կյանքեր:

Փրկվածների շարքում է արդեն 57 տարեկան Թեյլորը, որը, ինչպես եւ պահանջվում է, շարունակում է դեղերի ընդունումը: ‘’Սա լիակատար բուժում չէ, սակայն մի միջոց էր, որն ինձ պարգեւեց այն տարիները, որոնք ապրում եմ անցած քսանհինգ տարիներին’’, ասում է նա:

Միայն ԱՄՆ-ում այսօր կա ՁԻԱՀ-ի ավելի քան մեկ միլիոն վարակակիր: Աշխարհում նրանց թիվն անցնում է 37 միլիոնը: Մահացությունների թիվը նկատելիորեն է կրճատվել, սակայն այս վիրուսի դեմ պատվաստանյութ կամ բուժման լիակատար միջոց դեռեւս հայտնաբերված չէ:

XS
SM
MD
LG