Ջո Բայդենը բազմիցս քննադատել է նախագահ Թրամփի քաղաքականությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, ներառյալ նախագահի հրաժարումը դիմակ կրելուց, առողջության անվտանգության անբավարար ուղեցույցերի տարածումը, ինչպես նաև ԱՄՆ-ի տնտեսության վերաբացման ջանքերը, քանի որ որոշ նահանգներում COVID-19 վարակի մակարդակը շարունակում է աճել:
Բայդենը ասում է, որ դաշնային կառավարությունը անարդյունավետ է գործում, հատկապես Սպիտակ տունը: Նախկին փոխնախագահը, ով հաջողությամբ ղեկավարել է Օբամայի վարչակազմի օրոք էբոլայի վարակի բռնկման դեմ պայքարը, ավելի մեծ և ավելի հավակնոտ դաշնային դերակատարություն է առաջարկում պետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Վերջին օրերին ԱՄՆ-ում հիվանդների թիվն անցել է 2 միլիոնը, իսկ տնտեսկան ճգնաժամը գործազուրկ է թողել մոտ 20 միլիոն ամերիկացիների:
Բայդենի ծրագիրը նախատեսում է պետական միջոցների մեծացում թեստավորման, բուժման և հավանական պատվաստման համար:
Հարյուր հազարավոր առողջապահության ոլորտի աշխատակիցներ պետք է վճարվեն կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Բացի այդ Բայդենը նախատեսում է ավելացնել հիվանդության համար վճարումներն ու գործազրկության նպաստը բոլորի համար, ներառյալ անօրինական ներգաղթյալների:
Պահպանողականները հակադրվում են. այս չափ միջոցների ծախսը կարող է վնասել տնտեսության վերականգման գործընթացը: Նրանք գտնում են, որ դեմոկրատները կօգտագործեն համավարակը ընդլայնելու համար առողջապահական ծախսերն ու աշխտողների համար նպաստները:
Առաջիկա նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը շեշտադրում է տնտեսության վերականգնման հարցը, իսկ Ջո Բայդենի ուշադրությունը սևեռված է աշխատանքի անվտանգ վերադարձի վրա, որի արդյունքում ընտրողները պետք է որոշեն, որ խնդիրն է ավելի կարևոր:
Facebook Forum