Մատչելի հղումներ

Ամերիկայի Ձայնի տնօրենը հրաժարական տվեց Սպիտակ տան քննադատության ֆոնին


Ամանդա Բենեթ
Ամանդա Բենեթ

Ամանդա Բենեթը, ով չորս տարի շարունակ ղեկավարել էր Ամերիկայի Ձայնը, հրաժարական տվեց երկուշաբթի ամերիկացի հարկատուների ֆինանսավորող լրատվամիջոցի ղեկավարի պաշտոնից՝ կառույցի լրագրողների անկախությունը Սպիտակ տան քննադատությունից պաշտպանելուց հետո:

Սպիտակ տունը մեղադրել էր Ամերիկայի Ձայնը` չինական քարոզչություն տարածելու մեջ: Աշխատակիցներին ուղղված հրաժեշտի ուղերձում Բենեթը և նրա տեղակալ Սենդի Սուգավարան, ով նույնպես հրաժարական է տվել, խուսափել են Թրամփի վարչակազմի հետ լարված հարաբերությունների խնդրին անդրադառնալուց: Փոխարենը, երկուսն էլ գրել են, որ վերջերս Թրամփի կողմից նշանակված Մայքլ Փաքը, ով գլխավորում է Ամերիկայի Ձայնի վերադաս Գլոբալ մեդիայի ԱՄՆ գործակալությունը (USAGM), իրավունք ունի «փոխարինելու մեզ» և որ «ժամանակն է եկել հեռանալու»:

Իր հրաժեշտի խոսքում Բենեթն ընդգծել է, որ ոչինչ չի փոխվում կառույցի լրագրողների, նրանց առաքելության և նվիրվածության տեսանկյունից, քանի որ USAGM նորանշանակ ղեկավար Մայքլ Փաքը երդվել է Կոնգրեսի առջև՝ պարտավորվելով հարգել Ամերիկայի Ձայնի անկախությունը և երաշխավորել այն, քանի որ դա, իր հերթին, կարևորագույն դեր է խաղում աշխարհի բոլոր ունկնդիրների հանդեպ կառույցի վստահության հարցում:

Ամերիկայի Ձայնի անկախության հարցը և մտավախությունները, որ վարչակազմը կարող է վերածել կառույցը սեփական լրատվական գործիքի, առաջ եկան վերջին ամիսներին, երբ նախագահը հորդորեց արագացնել Փաքի թեկնածության՝ Սենատի կողմից հաստատման գործընթացը, որը երկու տարի շարունակ սառեցված էր:

Ամերիկայի Ձայնի կանոնադրությամբ, լրատվամիջոցը պետք է իր օտարերկրյա լսարաններին Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում և այլուր, որտեղ առկա է գրաքննություն և բռնաճնշումներ, տրամադրի «ճշգրիտ, օբյեկտիվ և համապարփակ» տեղեկատվություն՝ ներկայացնելով ողջ Ամերիկան, այլ ոչ թե ամերիկյան հասարակության մեկ առանձին հատված:

Հակասություններ Սպիտակ տան հետ

Ապրիլին Սպիտակ տունը իր կայքի միջոցով Ամերիկայի Ձայնին մեղադրում էր չինական քարոզչություն իրականացնելու մեջ՝ տեղադրելով տեսանյութ համաճարակից հետո Վուհանի վերաբացման մասին: «Ամերիկայի Ձայնը չափազանց հաճախ խոսում է ի նպաստ Ամերիկայի հակառակորդների, այլ ոչ թե նրա քաղաքացիների», - հայտնել էր Սպիտակ տունը:

Նախագահի սոցիալական լրատվամիջոցների ղեկավար Դեն Սկավինոն Twitter- ում առաջ է քաշել այն մոտեցումը, ըստ որի՝ «Ամերիկացի հարկատուները վճարում են Չինաստանի քարոզչության համար ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի Ձայնի» միջոցով: Ամոթ է», նշել է նա իր գրառման մեջ:

Սակայն այդ տեսահոլովակը Ամերիկայի Ձայնի պատրաստածը չէր, այլ պատկանում էր Associated Press- ին, իսկ Ամերիկայի Ձայնի մեջբերած վիճակագրությունը Չինաստանում զոհերի թվաքանակի մասին՝ Ջոն Հոպկինսի կորոնավիրուսիային կենտրոնին: Սպիտակ տունը քննադատել էր նաև այդ վիճակագրությունը, որը հայտնի էր որպես ամենահուսալի տեղեկության միջոց կորոնավիրուսի դեպքերի ու մահերի մասին:

Բենեթը խստորեն վիճարկեց քարոզչության մասին մեղադրանքը և տրամադրեց Ամերիկայի Ձայնի պատրաստած տեսանյութերը, որոնք մարտահրավեր էին նետում Չինաստանին: Սակայն, դա չհամուզեց Սպիտակ տանը:

«Եթե դուք լսում եք, թե ինչ է վերարտադրում Ամերիկայի Ձայնը, ապա դա զզվելի է», - ասել էր նախագահ Թրամփը: «Նրանց ասածը մեր երկրի մասին զզվելի է: Եվ Մայքլ Փաքը կգնա այնտեղ ու հիանալի աշխատանք կտանի»:

CDC սև ցուցակը

Կիրակի օրը Ամերիկյաի Ձայնը տեղեկացրել է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) սև ցուցակի մեջ են գցել կառույցի լրագրողներին ՝ ըստ CDC ներքին տեղեկագրի: Կառույցի լրագրողներին հարցազրույցի մեջ մերժելու հիմք էր հանդիսանում Սպիտակ տան մեղադրանքները Չինաստանի վերաբերյալ:

Բենեթը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել CDC- ին «անհապաղ վերանայել» այդ քաղաքականությունը ՝ ասելով, որ այն հիմնված է «Սպիտակ տան կարծիքի վրա» և «մտահոգիչ է»:

Երկուշաբթի կեսօրին Բենեթը և Սուգավարան հրաժարականի դիմում ներկայացրեցին, չնայած իրենց էլեկտրոնային ուղերձը աշխատակիցներին չէր մասնավորեցնում, թե, արդյոք Սպիտակ տունը կամ Փաքը պահանջել են հրաժարական տալ:

Անդրադառնալով Փաքին՝ նրանք գրել են. «Մենք գիտենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նրան կառաջարկի իր ողջ հմտությունները, արհեստավարժությունը, առաքելության նվիրվածությունը, լրագրողական ամբողջականությունը և ձեր անձնական աշխատանքը` երաշխավորելու համար այդ խոստումը »:

Փաքը պահպանողական կինոռեժիսոր է և Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնի ասոցիացիայի ղեկավարը: Նա այժմ ղեկավարում է Գլոբալ մեդիայի ԱՄՆ գործակալությունը (USAGM), որը ներառում է նաև «Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայանը», «Մերձավոր Արևելքի հեռարձակող ցանցերը», «Ազատ Ասիա Ռադիոն» և «Կուբայի հեռարձակման գրասենյակը»: Ամերիկայի Ձայնը գործակալության ամենամեծ կազմակերպությունն է, որը 47 լեզուներով հեռարձակվում է աշխարհի շատ երկրներում՝ ներառելով ավելի քան 280 միլիոն ունկնդիրներին:

Կիրակի օրը USAGM- ի կազմի մեջ մտնող Open Technology Fund կառույցի ղեկավար Լիբբի Լիուն նույնպես հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Բեննոնի YouTube- ի թոք-շոուի ընթացքում պահպանողական հյուրը պնդեց, որ նա ևս պետք է հեռացվի պաշտոնից, հայտնում է The New York Times- ը:

«Մենք քարոզչություն չենք անում»

Բենեթը նշանակվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից 2016 թ-ի գարնանը: Նա հանդիսանում է Պուլիցցերյան մրցանակակիր, հեղինակ, հետաքննող լրագրող և խմբագիր, ով որպես լրագրող և խմբագիր աշխատել է մի շարք առաջատար լրատվամիջոցներում, այդ թվում ՝ Bloomberg News-ում, Philadelphia Inquirer- ում , Wall Street Journal- ում:

Նրա կարիերային նվաճումներին անցած տարի անդրադարձավ Մամուլի ազգային ակումբը: Միջոցառմանն իր խոսքում նա նշել է մամուլի ազատության կարևորությանը և Ամերիկյաի Ձայնի առաքելության առջև ծառացած մարտահրավերներն անկախ լրագրության մոդելավորման հարցում երկրներին տեղեկություն մատուցելու համար:

«Մտածեք մի աշխարհի մասին, որտեղ դուք չեք կարող հավատալ ոչ մի բանին, ինչը տեսնում եք կամ կարդում: Մի աշխարհ, որտեղ չկա ազատ մամուլ, դա այնտեղ է, որտեղ ես և իմ գործընկերները ամեն օր աշխատում ենք », - ասել էր Բենեթը: «Ոչ, մենք քարոզչություն չենք անում: ... Երբեք չի լինի դա»:

Բենեթի ավագ տեղակալ Սուգավարան նույնպես տասնամյակներ անցկացրել է լրագրության ոլորտում ՝ որպես UPI- ի և The Washington Post- ի լրագրող:

Փաքը հաստատվել է հունիսի 4-ին Սենատի դեմոկրատների առարկություններից հետո: Արձագանքելով պաշտոնաթողություններին՝ նրա գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գլոբալ մեդիայի ԱՄՆ գործակալությունը բարձր է գնահատում Ամերիկյայի Ձայնի տնօրեն Ամանդա Բենեթի և փոխտնօրեն Սանդի Սուգավարանի ծառայությունները և լավագույնը մաղթում իրենց հետագա գործունեության մեջ»:

Անկախության փորձություն

Այն լուրերը, որ CDC-ն որոշել է մերժել հարցազրույց տրամադրել Ամերիկայի Ձայնին լրագրողական անկախության հարցում Փաքի հանձնառության առաջին փորձությունն է:

CDC քաղաքականությունը հենվում է Կոլումբիայի համալսարանում Knight First փոփոխությունների ինստիտուտի ընդունած Տեղեկատվության ազատության մասին օրենքի վրա՝ նշելով է, որ որպես կանոն, Գրետա Վան Սեսթրենին կամ մեկ այլ անձանց, ովքեր կապված են Ամերիկայի Ձայնի հետ, հարցազրույց չի տրամադրվում Սպիտակ տան գրառման հիմքի վրա: Այն վկայակոչում է Սպիտակ տան քննադատական գրառումը Վուհանի վերաբերյալ:

Փաստաբան և Fox News- ի և այժմ Grey Television- ի վետերան լրագրող Վան Սեսթրենը վարում է «Plugged In» շաբաթական շոուն Ամերիկայի Ձայնի ունկնդիրների համար:

«Ինձ համար ցնցողն այն էր, որ դա Ամերիկայի Ձայնն է, և իմ անունը հնչեղություն է ստացել՝ չնայած նրան, որ որևէ մեկը ոչ CDC- ում ոչ էլ Սպիտակ տանը կամ որևէ այլ տեղում երբևէ չի ասել, որ իմ հաղորդումը կորոնավիրուսի կամ որևէ այլ բանի մասին եղել է անարդար կամ ոչ ճիշտ»: Նա ասել է, որ «աբսուրդ է մարդուն սև ցուցակ գցել»:

Երկուշաբթի օրը իր հայտարարության մեջ գովասանքի խոսքեր հղելով Բենեթի և Սուգավարանի հասցեին իրենց ծառայության համար՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը CDC-ի քաղաքականությունը որակեց «բռնի» և կոչ արեց վեարցնել այն անմիջապես:

«Ես ակնկալում եմ, որ պարոն Փաքը` USAGM- ի նոր գործադիր տնօրենը, սատար կկանգնի Ամերիկայի Ձայնի լրագրողներին և անկախությանը: Նրա անգործությունը այս պաշտոնում հաստատվելուց անմիջապես հետո հարց է առաջ քաշում այն մասին, թե արդյոք նա կենտրոնացած է USAGM- ի անկախ լրագրողական առաքելության առաջխաղացման վրա », - ասել է Էնգելը:

Փաքի գրասենյակը մեկնաբանություն չի տվել այս կապակցությամբ ի պատասխան երկուշաբթի երեկոյան հարցման:

Ալ Թոմքինսը, ով Փոյնթեր ինստիտուտում դասավանդում է լրագրության էթիկա, վնասակար է որակել CDC-ի քաղաքականությունը Ամերիկայի Ձայնի նկատմամբ և ասել, որ դրանով խոչընդոտվում է այլ երկրներին, «որտեղ առկա է ապատեղեկատվություն», համաճարակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հասցնելու գործընթացը:

Իր պաշտոնավարման ընթացքում Բենեթը բախվել էր երկու նշանակալից սկանդալների հետ: 2018-ին նա աշխատանքից հեռացրեց կամ կարգապահական տուժի ենթարկեց Հաուսա լեզվի ծառայության 15 լրագրողների ՝ Նիգերիայի պաշտոնատար անձանցից կաշառք ընդունելու համար:

Նույն թվականին նա հեռացրեց նաև Ամերիկայի Ձայնի Մանդարին լեզվի ծառայության պետին այն բանի համար, որ վերջինս թույլատրել էր աքսորյալ չինացի միլիարդատերին չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնել Պեկինի պաշտոնյաներին ուղիղ եթերի ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG