USAID-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տպավորված է այն առաջընթացով , որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով վերջին երկու տարիների ընթացքում:
՛՛Freedom House կազմակերպության Nations in Transit զեկույցում այս առումով Հայաստանի ցուցանիշները վերջին երկու տարիներին գրանցել են զեկույցի պատմության մեջ ամենամեծ առաջընթացը ՚՛՛,- ընդգծում է Գրիզերը:
Ժողովրդավարության զարգացման ոլորտում Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են ընտրական գործընթացի բարելավում, հակակոռուպցիոն պայքար, օրենքի գերակայության ամրապնդում, քաղաքացիական հասարակության զարգացում և այլ ծրագրեր: Դրանց հիմքում է թափանցիկ և պատասխանատու կառավարման համակարգի ձևավորումը, օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրազեկության մեծացումը, ընդգծում է առաքելության ղեկավարը;
2012 թվականից ի վեր, ըստ Գրիզերի, USAID-ի հայաստանյան ծրագրերի ֆինասավորումը նվազեցման միտում արձանագրեց, սակայն թավշյա հեղափոխությունը զգալիորեն փոխեց իրավիճակը: Առաքելության բյուջեն աճեց շուրջ 88 տոկոսով:
՛՛Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ԱՄՆ առաքելությունը Վաշինգտոնին տեղեկացրեց, որ բացվել է հնարավորության պատուհան, իշխանության է եկել դեպի բարեփոխումներ միտված նոր կառավարություն, որը ԱՄՆ-ի համար ներգրավման նոր հեռանկարներ է ստեղծում'',- ասում է Գրիզերը:
Ժողովրդավարության զարգացման ծրագրերի հետ մեկտեղ առաքելությունը իրականացնում է տնտեսական զարգացման ծրագրերի օժանդակություն: Դրանցից է զբոսաշրջության ոլորտը, որը զգալի վերելք է ապրում Հայաստանում: Գրիզերը կեսկատակ ընդգծում է՝ որպես ճանապարհորդության սիրահար, զբոսաշրջության զարգացումն իմ առաջնահերթություններից է: Առաքելությունը սերտորեն համագործակցում է այս ոլորտում Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետ: COVID-19-ը կարոևոր մարտահրավեր է այս ոլորտի համար: Առաքելությունը աշխատանքներ է տանում այս նոր իրականությանը Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ադապտացնելու ուղղությամբ:
Հայաստանում իր առաքելության վերջին տարում գտնվող Դեբորա Գրիզերը շատ է ճանապարհորդել այստեղ: Ամենասիրված վայրերից է Տաթևի վանքը: Նա վստահ է՝ առաքելության ավարտից հետո կկարոտի այն ջերմ մթնոլորտը, որում գտնվել է վերջին տարիներին, և հատկապես, մարդկանց, ովքեր իրենց հյուրընկալությամբ առանձնահատուկ են դարձրել իր առաքելությունը:
՛՛Ես կկարոտեմ Հայաստանի հետ կապված ամեն ինչ ՛՛,- ասել է Գրիզերը:
Facebook Forum