Մատչելի հղումներ

Որտե՞ղ է կորոնավիրուսի շուրջ դավադրության տեսությունների տարածման արագության գաղտնիքը


Անմիջապես այն բանից հետո, երբ սկսեց տարածվել նոր կորոնավիրուսն աշխարհում, դրա տարածման արագությունից ավելի մեծ արագություն ձեռք բերեցին վիրուսի շուրջ դավադրությունների տեսությունները: Մարդիկ, որպես ազատ հարթակ ընտրելով սոցիալական ցանցերը, սկսեցին միմյանց փոխանցել կորոնավիրուսից պաշտպանվելու համար մարմինը քլորով պատելու կամ սխտոր ուտելու մասին խորհուրդներ: Արդյունքում` մարդկանց երեսուն տոկոսը սկսեց անհամաչափ կերպով քլորի կիրառում եւ սխտորի ընդունում:

Հետո տարածվեցին լուրեր, թե իբր 5G մոբիլ ցանցերն են տարածում կորոնավիրուսը եւ ավելի ծանրացնում վարակվածների առողջական վիճակը: Արդյունքում` Եվրոպայի տարբեր հատվածներում մարդիկ այրեցին բջջային կապի համար նախատեսված ալեհավաք տասնյակ աշտարակներ:

Իսկ ինչո՞ւ են մարդիկ տարածում սուտ լուրեր, եւ ինչո՞ւ են մյուսները հեշտությամբ հավատում դրանց:

Ինչպես Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի փորձագետներից Ջոն Քուքն է ասում, ‘’Ամեն անգամ, երբ սկսվում են համաճարակներ եւ դրանց զուգահեռ` ծնվող հարցեր, մարդիկ փորձում են յուրովի տալ իրենց բացատրությունները, քանի որ շատ հաճախ չեն ստանում իրենց բավարարող պատասխաններ ու բացատրություններ: Ուրեմն, նրանք սկսում են հավատալ բամբասանքներին, ասում են փորձագետները եւ ավելացնում, որ դրա համար լավ հարթակ են դառնում սոցիալական ցանցերը, երբ մարդիկ հավատում են այն ամենին, ինչը գրված է ինչ որ տեղ:

Եվ սկսում են տարածվել դավադրությունների մասին պատմություններ, տեսություններ, վարկածներ, դրանք կապելով այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում նույն ժամանակահատվածում: Օրինակ, եթե կորոնավիրուսն ու 5G կապը սկսել են տարածվել նույն ժամանակահատվածում, ուրեմն դրանք կապված են միմյանց հետ: Ահա դավադրությունների տեսությունների գլխավոր հիմքը:

Իսկ, եթե պատահի, որ հանկարծ ինչ որ կարծիք հայտնի որեւէ մեկը հեռուստատեսությամբ, արդեն կարեւոր չէ, թե տվյալ անձը որքանով է տիրապետում այդ թեմային, նրա ասածն անմիջապես դառնում հիմք նոր դավադրության մասին: Օրինակ կարելի է բերել հունվարի 22-ին Բելգիայի թերապեւտ-բժիշկներից մեկի այն հարցազրույցը, որտեղ նա ասում է, թե 5G-ը սպառնում է մարդու կյանքին եւ կապ ունի կորոնավիրուսի տարածման հետ: Չնայած նրա հարցազրույցը համացանցից անմիջապես հեռացնելու փաստին, նրա առաջարկած վարկածը դարձավ հիմք կեղծ լուրերի ու վախի մթնոլորտի տարածման համար: ‘’Իսկ, երբ մարդիկ զգում են վտանգ, կամ ուզում են գտնել բացատրություններ, սկսում են հորինել դավադրությունների մասին տեսություններ’’, ասում է փորձագետ Քուքը:

‘’Եվ ապատեղեկատվությունը տարածվում է այնքան արագ, որքան ճշմարիտ տեղեկատվությունը, եւ գուցե` երբեմն ավելի արագ’’, ասում է փորձագետներից Լեթիսիա Բոուդը Ջորջ Թաունի համալսարանից: Ապատեղեկատվությունը, ըստ մասնագետների, ավելի է սերմանվում մարդկանց շրջանում, երբ այն կրկնվում է մի քանի անգամ: Իսկ երբ, ապատեղեկատվություն է տարածվում միտումնավոր կերպով, այն դառնում է ավելի վտանգավոր: ‘’RT America’’ ռուսական կայանը 5G-ի մասին ապատեղեկատվություն էր սկսել տարածել դեռեւս մինչեւ կորոնավիրուսի վարակը, որի նպատակը, ինչպես Նյու Յորք Թայմսն է գրում, փորձ էր կասեցնելու դրա տարածումը, մինչեւ Ռուսաստանն ինքը կհասցներ ստեղծել իր արագ կապը հեռախոսային ցանցում:

Դավադրությունների տեսություններին հավատալու հարցերով հոգեբան Վան Քերչհովենի խոսքերով, կա մանդկանց մի հատված, որը հեշտությամբ է հավատում այս կամ այն դավադրության մասին վարկածին ըստ իրենց քաղաքական դիրքորոշման: Համաճարակների դեպքում, հատկապես, սկսում են շրջել դավադրությունների մասին վարկածներ, որոնց համաձայն դրանք կենսաբանական զենք են, եւ թե այդ պատճառով է, որ չեն գտնում պատվաստանյութ ընդդեմ այդ հիվանդության:

Դավադրությունների տեսությունների այսպես ասած սիրահարներն ավելի շատ հավատում են ոչ թե մասնագետներին, տվյալ դեպքում բժիշկներին, այլ ասենք հայտնի դերասաններին կամ երգիչներին, որոնք ընդհանրապես գաղափար կարող է չունենան տվյալ հիվանդության մասին:

‘’Ինչպես երգիչ M.I.A.-ն էր գրել թվիթերյան իր էջում, ‘’Չեմ կարծում, որ 5G-ն տարածում է կովիդ 19: Բայց կարծում եմ, որ այն դանդաղեցնում է մարդու օրգանիզմի ապաքինման ընթացքը’’: Դերասան Ջոն Քուսակն էլ ասել է, թե ‘’շուտով կպարզվի, թե որքան վտանգավոր է 5G-ն մարդու համար’’: Տողեր, որոնք հենց ինքն ավելի ուշ հանել է իր էջից: Սակայն դա կարեւոր չէ նրանց համար, ովքեր նման խոսքերը կիրառում են որպես հիմք` դավադրությունների վարկածների տարածելու նպատակով:

Եվ զարմանալ կարելի է, ասում են հոգեբանները, բժիշկներն ու փորձագետները, թե ինչպես կարող են մարդիկ հավատալ այն դավադրությունների տեսությանը, թե կորոնավիրուսն իրականում գոյություն չունի ու վտանգավոր էլ չէ: ‘’Արդյոք նրանք հավատում են, որ հիվանդանոցներում հայտնված բոլոր հիվանդները, բուժող բժիշկները, քույրերն ու բուժակները, գիտնականներն ու հասարակական առողջապահության մասնագետները, լրագրողներն ու ուսումնական հաստատությունների ղեկավարությունն ու բիզնեսները, բոլորը միասին միացել են այս դավադրությանը:

Ինչպես են մարդիկ հավատում այն լուրերին, թե Մեծ Բրիտանիայում հատված 20 ֆունտանոցների վրա պատկերված են կորոնավիրուսն ու 5G-ի մի աշտարակ: ‘’Ենթադրենք, ասում են վերլուծաբանները, թե ‘’Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է կոծկել կորոնավիրուսի եւ 5G-ի միջեւ ինչ որ կապ: Ապա ինչո՞ւ պիտի այն իր տարադրամի վրա պատկերեր այդ երկուսին’’, ասում են նրանք:

Ու այն մարդիկ, ովքեր հավատում են այն վարկածներին, թե 5G-ի աշտարակներն արձակում են ճառագայթներ, որոնք կարող են նպաստել կորոնավիրուսին, ինչու՞ չեն կարդում գիտական ու կշռադատված, մասնագետների կողմից գրված հրապարակումներն ու բացատրությունները: Բացատրություններ ըստ որոնց, եթե իոնիզացնող ճառագայթները, ինչպես օրինակ ռենտգենյան կամ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնաս հասցնել ԴՆԹ-ին, առաջ բերելով քաղցկեղ, ապա ոչ իոնիզացնող ճառագայթները, ինչպես օրինակ բջջային հեռախոսների համար նախատեսված աշտարակներից արձակված ալիքներն ուժեղ չեն այնքան, որպեսզի կարողանան ազդել ատոմների կառուցվածքի վրա ու վնասել ԴՆԹ-ը: Պատասխանը հետեւյալն է` թեթեւամիտ տեղեկությունների ընկալումն ավելի հեշտ է, քան լուրջ բացատրությունները հասկանալը:

Ճիշտ է, 5G-ն ներկայացնում է նոր տեխնոլոգիայի մի նոր էջ ու հարցեր դեռեւս շատ կլինեն, որոնց պատասխանները կարող ենք ստանալ ավելի ուշ, սակայն այսօր ասել, թե այն ուղղակիորեն կապված է կորոնավիրուսի հետ, պարզապես անընդունելի է, ասում են մասնագետները:

Նրանք, ովքեր տարածում են դավադրությունների մասին տեսությունները, առանց հիմնվելու փաստերի եւ մասնագետների կարծիքների վրա, այդ մասնագետների բացատրություններն անգամ դարձնում են դավադրության մաս: Այսինքն, երբ փորձագետները տալիս են բացատրություն, իրականում հերքելով դավադրությունների մասին մտքերը, դավադրությունների մասին տեղեկություններ տարածողները դա համարում են այդ դավադրության շարունակություն:

Այնպես որ, ասում են փորձագետները, մարդիկ պետք է կարողանան ճիշտ ընտրել տեղեկությունների աղբյուրը: Տվյալ տեղեկությանը հավատալու համար հարկավոր է դրա մասին ստանալ նաեւ այլ աղբյուրների կողմից հաստատում: Հակառակ դեպքում, ասում են նրանք, համացանցը դառնում է բամբասանքի միջավայր, իր մեջ ներքաշելով էժանագին հորինվածքներին կուլ գնացողներին:

XS
SM
MD
LG