Մայիսի 30-ին, խախտելով ինը տարվա դադարը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից տիեզերք արձակվեց մարդատար տիեզերանավ: Տիեզերագնացներ Դագ Հարլիին եւ Բոբ Բենքենին SpaceX տիեզերանավը տիեզերք տարավ Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական թռիչքների կայանից
Ուժեղ քամիների եւ պտտահողմերի պատճառով չորեքշաբթի օրը թռիչքը հետաձգելուց հետո, ՆԱՍԱ-ն եւ SpaceX-ը որոշեցին դիմել համարձակ քայլի ու հաջողությամբ իրականացրին դեպի երկրագնդի ուղեծիր այս թռիչքը: Այսպիսով շաթըլ տիպի, այսինքն հետ վերադառնալու կարողությամբ ‘’Ատլանտիս’’ տիեզերանավի 2011 թվականի վերջին ուղեւորությունից հետո, առաջին անգամը լինելով, ԱՄՆ-ը իրականացրեց իր առաջին նման թռիչքը:
Փորձարկող օդաչուներ, ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ, բանակի նախկին գնդապետ Դագ Հարլին եւ ԱՄՆ-ի օդային ուժերի գնդապետ Բոբ Բենքենը սովորել են միասին, եղել են լավ ընկերներ: Երկուսն էլ ամուսնացել են վետերան տիեզերագնացների հետ:
Այս թռիչքի ու վայրէջքի պատասխանատուն Հարլին է:Բենքենը, որը մասնագիտությամբ մեխանիկ ճարտարագետ է եւ անցյալում վեց անգամ դուրս է եկել բաց տիեզերք, հետեւելու է տիեզերանավի ընթացքին ու կառավարելու է տիեզերակայաին կցման աշխատանքը:
Այս թռիչքն ու առաքելության հաջողությունը կարեւոր են ՆԱՍԱ-ի համար, որի գործունեությունն անցած տասնամյակի ընթացքում կախված է եղել ռուսական ‘’Սոյուզ’’ մակնիշի հրթիռներից, որոնց միջոցով էին ամերիկացի տիեզերագնացները թռչում դեպի երկրի ուղեծիր: Հաջողության դեպքում ամերիկյան գործակալությունը մեծապես կխնայի ֆինանսական միջոցներ, որոնք կարող է կիրառել երկրագնդի ուղեծրից դուրս ուսումնասիրություններ իրականացնելու համար: