Եվրոպական ավելի մեծաթիվ երկրներ են շարունակում կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումները մեղմելու գործընթացը, երբ աշխարհում մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 6 միլիոնը:
Ամենամեծ թվով վարակակիրներ ունի Միացյալ Նահանգները: Մինչ այժմ այստեղ այս հիվանդությամբ է վարակվել ավելի քան 1 միլիոն 800 հազար մարդ: Մահացածների թիվն անցել է 104 հազարից: Մեկ օրում այստեղ գրանցվել նոր 8650 դեպք: Սակայն որոշ ռեստորաններ ու բարեր սկսել են բացվել որոշ նահանգներում, պայմանով, որ միայն գործեն բացօթյա հատվածները: Որոշ քաղաքներում թույլատրվել է վարսավիրանոցների եւ որոշ այլ ծառայությունների աշխատանքը:
Տնտեսությունը վերաբացելու գործընթացի մեջ է Մեծ Բրիտանիան, որտեղ միայն վերջին մեկ օրվա ընթացքում կովիդ 19 հիվանդությանը զոհ է գնաել 215 մարդ, այստեղ բոլոր մահացածների թիվը հասցնելով 38.376-ի: Մինչ այժմ այս երկրում կորոնավիրուսով է վարակվել 272 հազար մարդ:
118 մարդ է մեկ օրվա ընթացքում մահացել Իտալիայում, որը վիրուսակիրների թվով այսօր վեցերորդ տեղում գտնվելով, տվել է ընդհանուր առմամբ ավելի քան 33.340 զոհ:
Սակայն ակտիվ վարակակիրների թիվը մեկ օրում կրճատվել է 2484-ով: Նրանցից 475-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 28.700-ի: Մեկ օրում Ֆրանսիան տվել է եւս 52 զոհ, որը մեկ շաբաթվա ընթացքում մահացությունների ամենացածր ցուցանիշն է այս երկրում:
Ֆրանսիան եկող երեքշաբթի օրվանից անցնում է սահմանափակումները մեղմելու երկրորդ փուլին: Կվերացվի մինչեւ 100 կմ շառավղով ճամփորդելու արգելքը, կվերաբացվեն բարերը, ռեստորանները, սրճարանները, այգիները, ծովափերն ու թանգարանները: Սակայն Փարիզն ու նրա շրջակայքը դեռեւս կշարունակեն սահմանափակումները:
Մահացությունների թվով հինգերորդն է Բրազիլիան: Մեկ օրում այստեղ գրանցվել է ավելի քան 1000 մահ, բոլոր մահացածների թիվն այս երկրում հասցնելով 28 հազարի:
Մահացությունների թվով ԱՄՆ-ին առաջինը զիջում է Մեծ Բրիտանիան: Երրորդ տխուր տեղում է Իտալիան, այնուհետեւ գալիս են Ֆրանսիան, Բրազիլիան, Իսպանիան, Բելգիան, Մեքսիկան, Գերմանիան, Իրանը, Կանադան, Նիդերլանդները, Հնդկաստանը: Երկիրը, որտեղից սկսվեց վարակի տարածումը, մահացությունների թվով 14-րդն է, որտեղ մինչ այժմ մահացել է 4634 մարդ: Ի դեպ, ազգաբնակչության թվի հետ հարաբերակցությամբ զոհերի թվով Չինաստանն աշախարհում 169-րդ տեղում է:
Նույն հաշվարկով Հայաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 31-րդ տեղը, ինչը նշանակում է, որ տոկոսային հարաբերությամբ Հայաստանը գրանցել է զոհերի շատ մեծ թիվ: Այն անցել է Ռուսաստանից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Բրազիլիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Իրանից: Իսկ գլխավոր պատճառը, ասում են փորձագետները, ժողովրդի անբարեխղճությունն է եւ անիմաստ կերպով զոհ դառնալու հարցում հանցավոր անտարբերությունը: