Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դադարեցնում է հարաբերություններն ԱՀԿ-ի հետ


Ամերիկայի Միացյալ Նահանգները ‘’դադարեցնում’’ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ իր հարաբերությունները: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նույն հայտարարության, այս կազմակերպության համար նախատեսված գումարները Վաշինգտոնը կօգտագործի աշխարհի այլ հատվածներում, որտեղ առկա է առողջապահության բնագավառում մեծ կարիք:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսին Թրամփն այս ամսվա սկզբին էր ուղարկել մի նամակ, որտեղ ասված էր, թե Միացյալ Նահանգները կարող է մշտապես ընդհատել կազմակերպության ֆինանսավորումը, ‘’եթե միջազգային այս կառույցը եկող 30 օրերի ընթացքում չիրականացնի նկատելի բարեփոխումներ’’:

Նման հայտարարությամբ Թրամփը հանդես էր եկել նաեւ ապրիլ ամսվա կեսին, ինչն արժանացել էր մեծաթիվ փորձագետների քննադատությանը, որոնք ասում էին, թե նման քայլով ԱՄՆ-ի նախագահն ուզում է առողջապահական համակարգում առաջ եկած ճգնաժամի հարցով իր մեղքը բարդել այդ կառույցի վրա:

Մինչ այժմ միայն ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 1 միլիոն 800 հազար դեպք: Մինչ այժմ այստեղ կովիդ 19-ին զոհ է գնացել ավելի քան 104.500 մարդ:

ԱՄՆ-ը մինչ այժմ ԱՀԿ-ի գլխավոր ֆինանսավորողն էր, որն ամեն տարի այս կազմակերպությանն էր հատկացնում 400 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG