Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատն ընդունեց $3 տրիլիոն օգնության փաթեթի մասին օրինագիծը. Թրամփը դեմ է


Ուրբաթ օրը, 208 կողմ և 199 դեմ ձայներով, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 3 տրիլիոն դոլարի կորոնավիրուսի աջակցության օրինագիծը, որը սակայն հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը խոստացել է արգելափակել:

Նախագահ Թրամփն էլ, իր հերթին խոստացել է արգելել օրինագիծը, եթե այն հասնի իրեն:

Սակայն ակնկալվում է, որ սա կարող է սկիզբ հանդիսանալ դեմոկրատների և հանրապետականների միջև բանակցությունների նոր փուլի: Հանրապետականներն ու նախագահը բազմիցս բարձրաձայնել են բիզնեսների պատասխանատվության պաշտպանության ծրագրի կամ հարկերի կրճատման մասին: Սակայն դեմոկրատները մերժել են երկու գաղափարներն էլ:

ԱՄՆ-ի տնտեսությունը խորապես տուժել է համաճարակի հետևանքով: Ճգնաժամի սկսվելուց ի վեր երկրում յուրաքանչյուր հինգ աշխատողից մեկը գործազրկության նպաստի համար դիմում է ներկայացրել:

Աջակցության փաթեթի 1,800 էջանոց օրինագիծն անդրադառնում է տնտեսության բոլոր ոլորտներին: Այն ներառում է 500 միլիարդ դոլարի աջակցություն նահանգային կառավարություններին, քաղաքացիներին տրամադրվող օգնության և համաճարակի առաջնագծում պայքարող առողջապահության աշխատակիցներին ուղղված օգնության ծրագրեր:

XS
SM
MD
LG